15:21  ,  27 մարտի, 2021

Թբիլիսի. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է 3 հաղթանակ տանելուց հետո

Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) չի կարողացել մեդալ նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում:

Հայ ձյուդոիստը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է իսրայելցի Իդո Լևինին: 1/16 եզրափակիչում նա ուժեղ է գտնվել ավստրիացի Լուկաս Ռեիտերից, իսկ 1/8 եզրափակիչում պարտության է մատնել Մոնղոլիան ներկայացնող Օդբայար Գանբատարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Կարապետյանը վիճարկել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Կջակովայի հետ և պարտվել: Հայաստանի ներկայացուցիչը նաև բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ է անցկացրել վրացի Ալեկո Մամիաշվիլու հետ, որին ևս պարտվել է և բավարարվել 7-րդ տեղով:

Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր մրցաշարում:

Հիշեցնենք, որ փետրվարին Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել էր Տաշկենտում  անցկացված «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին և դարձել բրոնզե մեդալակիր: Նա Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս