09:15  ,  28 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա. Առաջին լուրջ փորձության սպասումով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին առաջին տնային հանդիպումը կանցկացնի Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Երկրորդ տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի հավաքականին:

Դիմակայության պատմությունը

Սա Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների չորրորդ դիմակայությունն է: Թիմերի միջև մեկնարկային 2 խաղերը տեղի են ունեցել Եվրո-2000-ի ընտրական փուլում: 1998-ի հոկտեմբերի 10-ին Երևանի «Հրազդան» ստադիոնում կայացած առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի, իսկ հաջորդ տարվա հունիսի 5-ին Ռեյկյավիկում անցկացված պատասխան հանդիպումն ավարտվել է Իսլանդիայի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Հայաստանի և Իսլանդիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2008 թվականի փետրվարի 6-ին: Մալթայում տեղի ունեցած ընկերական խաղում իսլանդացիները հաղթել են 2:0 հաշվով:

Նախորդ խաղերը

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկեց Լիխտենշտեյնի նկատմամբ բարդ հաղթանակով: Այդ խաղում հայկական թիմը պետք է լուծեր 2 խնդիր՝ հաղթել ու փորձել խնայել ուժերը 3 օր անց կայանալիք ավելի բարդ մրցակցի դեմ հանդիպման համար: Վադուցում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը միայն 84-րդ րոպեին խփեց հաղթական գոլը, այն էլ՝ մրցակիցը գրավեց սեփական դարպասը: Ստացվեց լարված հանդիպում, բայց բարդ կլինի ասել, որ Հայաստանի հավաքականը շատ ուժ ծախսեց, քանի որ խաղը հիմնականում անցնում էր մրցակցի կիսադաշտում: Այնուամենայնիվ, հայկական թիմը տվեց անհանգստանալու առիթներ, քանի որ չկարողացավ իրացնել բազմաթիվ գոլային պահեր:

Իսլանդիայի հավաքականը պայքարը սկսեց խմբի ընդգծված ֆավորիտ Գերմանիայի հավաքականի դեմ արտագնա խաղով, որտեղ ոչ մի շանս չունեցավ և պարտվեց 0:3 հաշվով: Իսլանդացիները ևս շատ ուժ ծախսեցին առաջին խաղում:

Կորուստներ

Առանց Հենրիխ Մխիթարյանի այս հավաքը սկսած Հայաստանի հավաքականին նախորդ խաղում չկարողացավ օգնել թիմի ամենափորձառու խաղացողներից Գևորգ Ղազարյանը: Հունական «Լամիայի» 32-ամյա կիսապաշտպանը վերականգնողական փուլը շարունակում էր ազգային թիմի ճամբարում և բաց կթողնի նաև այս հանդիպումը:

Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից այս խաղին հնարավոր է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյի մասնակցությունը: Նա վերջերս է ապաքինվել վնասվածքից և չէր հայտավորվել Լիխտենշտեյնի դեմ նախորդ խաղին, թեև թիմի հետ մեկնել էր Վադուց: Հայաստանի հավաքականի կարևոր խաղացողներից այս հավաքին չի մասնակցում ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանն արդեն միացել է ազգային թիմին և մարտի 27-ին անցկացրել առաջին մարզումը: Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը չմասնակցեց առաջին տուրի խաղին, փոխարենը մարտի 24-ին խաղաց «Կրասնոդար-2»-ի կազմում: Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում ակնարկեց, որ Սպերցյանի մասնակցությունը քիչ հավանական է այս խաղին:

Իսլանդիայի հավաքականին չի օգնի թիմի առաջատար Գիլֆի Սիգուրդսոնը: Անգլիական «Էվերտոնի» 31-ամյա կիսապաշտպանն այս հավաքի ընթացքում ազգային թիմին չի միացել ընտանեկան պատճառներով: Սիգուրդսոնի բացակայությունը, միանշանակ, զգալ կտա Իսլանդիայի հավաքականում, քանի որ նա վերջին տարիներին ազգային թիմի ընդգծված առաջատարն է, խփում է գոլեր ու կատարում գոլային փոխանցումներ:

Կապառոսը սկսել է զգուշանա՞լ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում ազգային թիմ հրավիրեց բազմաթիվ նորեկների, որոնցից շատերը ստացան խաղալու հնարավորություն: Այս հավաքին հրավիրված խաղացողների ցուցակում ևս կային նոր անուններ: Սակայն Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում իսպանացի մասնագետը խիստ զգուշավոր էր:

Նա ընտրել էր բավական կանխատեսելի մեկնարկային կազմ (բացառությամբ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի, որը դաշտ էր դուրս եկել Ալեքսանդր Կարապետյանի փոխարեն), իսկ նորեկներն ու երիտասարդ խաղացողները խաղալու հնարավորություն չստացան: Օրինակ՝ Սլովակիայի «Ժիլինայի» առաջատարներից Վահան Բիչախչյանը փոխարինման դուրս եկավ միայն ավելացված ժամանակում:

Սակայն հարց է առաջանում, եթե Լիխտենշտեյնի հավաքականի պես մրցակցի դեմ խաղում նորեկներն ու երիտասարդ ֆուտբոլիստները չեն ստանում խաղալու հնարավորություն, ապա երբ են ունենալու այդպիսի շանս:

Տևական ընդմիջումից հետո երկրպագուական աջակցություն

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը կխաղա հայ երկրպագուների աջակցության ներքո: Այս խաղում կթույլատրվի «Հանրապետական» ստադիոնի տարողության 30 տոկոսի չափով երկրպագուների ներկայություն տրիբունաներում: Հաշվի առնելով այն, որ հայ երկրպագուներն Ազգերի լիգայում հաջողությունը տոնում էին հեռուստաէկրանների առջև, ապա հասկանալի է դառնում, որ իրենց հավաքված էներգիան ու աջակցությունը նրանք ֆուտբոլիստներին կփոխանցեն առաջիկա 2 տնային հանդիպումների ընթացքում:

Մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իսլանդիայի հավաքականը 46-րդ տեղում է (Հայաստանը 99-րդն է): Այս ընտրական փուլից առաջ թիմը գլխավորեց Իսլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Արնար Վիդարսոնը, որը դրանից առաջ մեկ տարի աշխատել է նաև երկրի երիտասարդական հավաքականում: 43-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2013-ին բելգիական «Բրյուգեում», որը նրա ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբն էր:

Իսլանդիայի հավաքականը համաշխարհային ֆուտբոլում առաջին անգամ լրջորեն «աղմկեց» Եվրո-2016-ում, որտեղ հասավ մինչև քառորդ եզրափակիչ: 2018-ին իսլանդացիները պատմության մեջ առաջին անգամ խաղացին նաև աշխարհի առաջնության խմբային փուլում, սակայն հաջողության չհասան: ԱԱ-2018-ից հետո Իսլանդիայի հավաքականն այնքան էլ չի ուրախացնում իր երկրպագուներին: Այս հանդիպման հայտացուցակից բացակայող Գիլֆի Սիգուրդսոնից բացի, Իսլանդիայի հավաքականում չկան եվրոպական թոփ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ:

Ծանոթ մրցավարը

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարներ: Գլխավոր մրցավար է նշանակվել Էնեա Ջորջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկաջը և Ռեջդի Ավդոն: 36-ամյա Էնեա Ջորջին այս մրցաշրջանում սպասարկել է նաև «Արարատ-Արմենիայի» ու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը, որն անցկացվել էր Երևանում: Այդ խաղում Հայաստանի չեմպիոնը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 4:3 հաշվով:

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները Հայաստանի հավաքականի հաղթանակը միջինը գնահատում են 3.55 գործակցով, հյուրերինը՝ 2.34, իսկ ոչ ոքին՝ 3.10:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ ժամը 20:00-ին

Գլխավոր մրցավար՝ Էնեա Ջորջի (Ալբանիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով