11:40  ,  25 մարտի, 2021

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական ջահի փոխանցումավազքը, կրակը մարել է առաջին օրը

Ճապոնիայում մեկնարկել է Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, հայտնում է Տոկիո-2020-ի մամուլի ծառաթույունը:

Փոխանցումավազքը մեկնարկել է Ֆուկոսիմայից և առաջիկա 121 օրում մոտ 10 հազար մարդիկ օլիմպիական ջահը կհասցնեն Ճապոնիայի մայրաքաղաք: Առաջին օրվա ընթացքում ջահի կրակը մարել է, և կազմակերպիչները ստիպված են եղել նորից վառել այն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով Խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների:

Այս պահին Հայաստանն ունի 6 օլիմպիական ուղեգիր, երկուական՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ) ու ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում