15:03  ,  24 մարտի, 2021

ՖԻՖԱ. Մխիթարյանն ու 9 խաղացողներ, որոնք արժանի են մասնակցել ԱԱ-2022-ին

Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի մեկնարկից առաջ ՖԻՖԱ-ն առանձնացրել է 10 գործող խաղացողների, որոնք արժանի են մասնակցել ԱԱ-2022-ին:

Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Արսենալի» նախկին կիսապաշտպանն իտալական A Սերիայի լավագույն խաղացողներից է այս մրցաշրջանում»,- Հենրիխ Մխիթարյանի մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

32-ամյա Մխիթարյանից բացի, ցուցակում տեղ են գտել նաև Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն), Գարեթ Բեյլը (Ուելս), Ատիբա Հատչինսոնը (Կանադա), Վու Լեյը (Չինաստան), Յան Օբլակը (Սլովենիա), Գորան Պանդևը (Հյուսիսային Մակեդոնիա), Վիրջիլ վան Դեյկը (Հոլանդիա), Ուիլֆրիդ Զահան (Կոտ դ՛Իվուար) և Դուվան Սապատան (Կոլումբիա):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի միացել Հայաստանի ազգային հավաքականին, որն այս օրերին պատրաստվում է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկին: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին հայկական թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում