14:02  ,  24 մարտի, 2021

Բելառուսի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի «Արարատ-Արմենիան»

Ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», հաղորդում է Sport24-ը:

68-ամյա մասնագետը 2012 թվականից չի զբաղվում մարզչական աշխատանքով:

Բայդաչնու նախորդ աշխատավայրը եղել է ռուսական «Ռոստովը», որը նա 2012-ին գլխավորել է 2 ամիս: Դրանից առաջ մարզիչն աշխատել է նաև ռուսական, ուկրաինական ու բելառուսական ակումբներում, Քուվեյթում, Կիպրոսում, Սիրիայում և Մոլդովայում, իսկ 2003-2005-ը գլխավորել է Բելառուսի ազգային հավաքականը:

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Անատոլի Բայդաչնին 5 հանդիպում է անցկացրել ԽՍՀՄ-ի հավաքականում, խաղացել է նաև Մոսկվայի ու Մինսկի «Դինամոներում»:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Դավիդ Կամպանյան, որին ժամանակավորապես փոխարինել էր Արմեն Ադամյանը: Իսպանացի մասնագետը երևանյան ակումբը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տարել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ ոքի և կրել 6 պարտություն: Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում կրկնել էր նախորդ տարվա հաջողությունը՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English