Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարի ևս աջակցել է հաշմանդամություն ունեցող երկրպագուների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին (CAFÉ Week of Action 2021)`«Ամբողջական հասանելիություն» կարգախոսով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ամբողջ աշխարհում ապրում է ավելի քան մեկ միլիարդ հաշմանդամություն ունեցող անձ՝ համաշխարհային բնակչության 15 տոկոսը: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցողները հաճախ հասարակության ամենախոցելի և ամենաքիչ ներկայացված խմբերից մեկն են: Այս բարդ ժամանակահատվածում սպորտն այն ուժն է, որը կարող է խթանել հասարակությունում ներառական փոփոխություններ կատարելու համար:
CAFÉ-ի տեսլականն է նպաստել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:
ՀՖՖ-ն համագործակցում է Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ամբողջական հասանելիության» սկզբունքով:
Այս տարի ծրագիրն իրականացվել է մարտի 5-15-ը: Ակտիվ մասնակցությունը ցուցաբերել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի հանդիպումներին հրավիրվել են հաշմանդամություն ունեցող երկրպագուներ, հանձնվել են թեմատիկ շապիկներ, արվել են ընդհանուր լուսանկարներ:
ՀՖՖ-ն շնորհակալությունն է հայտնում հաշմանդամություն ունեցող երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում