19:40  ,  16 մարտի, 2021

Թովմաս Գրիգորյան. Եթե այսպես շարունակվի, «Լոռին» դուրս կգա Հայաստանի առաջնությունից (ֆոտո)

Մեր բողոքի ակցիան կապված էր ՀՖՖ-ի կողմից արհամարհական վերաբերմունքի հետ: Եթե մեր հարցերին ընդառաջ չգնացին, այո, մենք չենք մասնակցելու առաջնությանը:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը:

«Լոռին» մարտի 16-ին բոյկոտեց Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից սուլիչից հետո լքեցին խաղադաշտը: Հանդիպումը չկայացավ:

«Մենք ՀՖՖ-ից դեռ պաշտոնական պատասխան չենք ստացել մեր բողոքարկումների վերաբերյալ: Մենք խնդրել էինք, որ պատասխանները մեզ տրամադրեին մինչև «Արարատի» դեմ հանդիպման մեկնարկը: Մեզ հավաստիացրել էին, որ պատասխանը կստանանք, այդ պատճառով թիմը դուրս եկավ դաշտ, մինչև վերջին րոպեն սպասեցինք, սակայն չունեցանք պատասխան և լքեցինք խաղադաշտը: Դա բողոքի ակցիա է անելանելիությունից ելնելով, որ այս 1.5 տարում որևէ հարց չի լուծվել հօգուտ մեր ակումբի, Լոռու մարզի ու այս տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման համար: Ֆեդերացիան ոչ միայն չի նպաստում դրան, այլև խանգարում է մեզ:

Մենք այլ գործիք չունեինք ֆեդերացիայի արհամարհական վերաբերմունքի դեմ ու դրան պատասխանելու համար: Նիստը տեղի է ունեցել ուրբաթ, և մեր աշխատակիցները մասնակցել են, սակայն մինչև այսօր մենք չունենք պաշտոնական պատասխանը:

«Լոռին» երբևիցե չի ցանկացել ձեռք բերել անաշխատ միավորներ, բայց, քանի որ մենք միշտ պատժվողի դերում ենք, այլ տարբերակ չենք տեսնում: Այս պահին մենք ցանկանում ենք, որ գոնե «Ալաշկերտի» դեմ խաղի 3 միավորը հետ տան մեզ, քանի որ կանոնների կոպիտ խախտում է եղել փոխարինումների վերաբերյալ: Դա հստակ կանոնների խախտում է բոլոր կանոնակարգերով և պետք է գրանցվի տեխնիկական պարտություն: Այնպես է ստացվում, որ կորոնավիրուսից տուժել է միայն «Լոռին», իսկ մյուսները նույնիսկ օգտվել են:

Մենք հետ չենք կանգնելու մեր որոշումից, քանի որ արդեն անզոր ենք պայքարել մրցավարների, ՀՖՖ-ի սենյակներում նստած մանր ու մեծ պաշտոնյաների դեմ: Անելանելի իրավիճակի պատճառով ընտրել ենք այս տարբերակը»,- նշեց Թովմաս Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք «Լոռին» դիտարկում է նաև Հայաստանի առաջնությունում ելույթները դադարեցնելու տարբերակը, Թովմաս Գրիգորյանը նշեց հետևյալը. «Եթե մեր հարցերին ընդառաջ չգնացին, այո, մենք չենք մասնակցելու առաջնությանը»:

Հիշեցնենք, որ օրեր «Լոռին» հանդես էր եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՖՖ-ն կկայացնի բացառապես անաչառ և արդար խաղի կանոններին հարիր որոշումներ «Ալաշկերտի» և «Ուրարտուի» դեմ խաղերում բողոքարկումների վերաբերյալ: Ավելի վաղ «Լոռին» կոչ էր արել տեխնիկական պարտություն գրանցել «Ալաշկերտին»:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով