01:54  ,  16 մարտի, 2021

Մեսին 2 գոլով նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին ու կրկնեց Չավիի ռեկորդը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում կատալոնական «Բարսելոնան» ընդունեց հետնապահ «Ուեսկային» և հաղթեց 4:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը կրկնեց «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Չավի Էրնանդեսի ռեկորդը: 33-ամյա Մեսին 767-րդ խաղն անցկացրեց «Բարսելոնայում»:

35-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերը կրճատեցին հաշիվը: 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կատալոնական ակումբի առավելությունը մեծացրեց իսպանացի պաշտպան Օսկար Մինգեսան, որն առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում, իսկ հանդիպման վերջնական հաշիվը վերջին րոպեին ձևակերպեց Լիոնել Մեսին, որն ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 21-ի և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Մեսին «Բարսելոնայում» 767-րդ խաղում գոլերի թիվը հասցրեց 661-ի: Կատալոնական ակումբի հետ նա նվաճել է 36 տիտղոս:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 59 միավոր և, շրջանցելով Մադրիդի «Ռեալին», բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 63 միավոր, իսկ «Ուեսկան» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 20 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բարսելոնա» - «Ուեսկա»՝ 4:1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 12, 90, Անտուան Գրիզման, 35, Օսկար Մինգեսա, 53 – Ռաֆայել Միր, 45+4 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում