21:46  ,  10 մարտի, 2021

Ֆոնսեկա․ Ջեկոն կկարողանա խաղալ «Շախտյորի» դեմ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում հայտնել է, որ թիմի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կկարողանա մասնակցել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ «Ռոման» կընդունի Դոնեցկի «Շախտյորին»։

«Էդին Ջեկոն մարտի 10-ին մասնակցել է մարզմանը եւ կկարողանա դուրս գալ խաղադաշտ «Շախտյորի» դեմ։ Ես լավ գիտեմ մրցակցին։ «Շախտյորը» ստեղծված է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի համար։ Սպասվում է շատ բարդ հանդիպում, քանի որ մրցակիցը լավագույններից մեկն է Եվրոպայում հակագրոհների տեսանկյունից։

«Շախտյորում» մնացել են նույն ֆուտբոլիստները, որոնց հետ ես աշխատել եմ, բայց դասավորությունը փոխվել է։ Ես օգտագործում էի 4-2-3-1 սխեման, Լուիշ Կաշտրուն կիրառում է 4-1-4-1 դասավորությունը։ «Շախտյորն» ունի շատ լավ մարզիչ, թիմը նորովի է գործում խաղադաշտում։

Կարող եմ ասել, որ «Ռոման» նույնպես փոխվել է։ Մենք բարելավել ենք խաղը պաշտպանությունում»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռոմա» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (մարտի 12)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս