17:10  ,  10 մարտի, 2021

Ռազվան Ռաց. Երբեք չեմ տեսել Մխիթարյանից ավելի պրոֆեսիոնալ խաղացողի

Դոնեցկի «Շախտյորի» նախկին պաշտպան Ռազվան Ռացն ուկրաինական ակումբի ու «Ռոմայի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Ռումինիայի հավաքականի ու անգլիական «Վեստ Հեմի» նախկին ֆուտբոլիստը Մխիթարյանի հետ խաղացել է «Շախտյորում»:

«Էդին Ջեկոյի բացակայությունը լուրջ կորուստ է «Ռոմայի» համար և առավելություն «Շախտյորի» համար: Պաուլու Ֆոնսեկան լավ ծանոթ է ակումբի փիլիսոփայությանը և կարող է լավագույնս պատրաստել թիմին:

«Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխ Մխիթարյանի հետ հարևաններ էինք սենյակում: Երբեք չեմ տեսել ավելի պրոֆեսիոնալ խաղացողի: Նա ցանկանում էր խաղադաշտում գերազանցել ինքն իրեն: Նա 10 համարի դիրքի խաղացող է, որը նաև հիանալի է գնդակ խլում: Նրա առաջընթացն անհավանական է»,- Ռացի խոսքը մեջբերում է laroma24.it-ը:

«Ռոմայի» ու «Շախտյորի» միջև առաջին խաղը տեղի կունենա մարտի 11-ին Հռոմում և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» խաղացել է 2010-2013-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով