15:40  ,  10 մարտի, 2021

Սևչուկ. «Շախտյորի» խաղացողների համար բարդ է լինելու դիմակայել Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» նախկին պաշտպան Վյաչեսլավ Սևչուկը ուկրաինական ակումբի ու «Ռոմայի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Մխիթարյանի հետ խաղացել է «Շախտյորում»:

«Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա շատ դաստիարակված, ինտելեգենտ մարդ է, որը հարգում է բոլորին՝ անկախ կարգավիճակից: Հենրիխն ունի շատ բարձր արագություն, հրաշալի է գտնում ազատ գոտիներ, շատ լավն է պրեսինգի մեջ և կարգապահ խաղացող է թիմում:

Անգլիայում հարմարվելը դժվար էր նրա համար՝ գումարած դրան Ժոզե Մոուրինյոն ամբողջությամբ չէր վստահում նրան: Հենրիխը սիրում է, երբ մարզիչն ամբողջությամբ վստահում է իրեն: Մխիթարյանը միշտ պատասխանատու է իր արարքների համար, նա անհանգստանում է, երբ չի խաղում, ինչ-որ բան սխալ է անում կամ ինչ-որ բան չի ստացվում իր մոտ:

Մխիթարյանը դարձել է ավելի փորձառու: Այս պահին նրա ցուցադրած խաղամակարդակը ցույց է տալիս, որ նա հասկանում է ինչպես մարզիչին, այնպես էլ թիմակիցներին և հաճույք է ստանում խաղից: Այս պահին նա «Ռոմայի» առաջատարներից է, առանց որի դժվար է պատկերացնել թիմի խաղը:

Չեմ կարծում, որ հիմա նա լինելու է գերմոտիվացված և կրկնակի տրամադրվածությամբ է խաղալու «Շախտյորի» դեմ: Մենք հաճախ ենք հաղորդակցվում, նա միշտ մեծ հարգանքով է խոսում նախկին խաղընկերների, ակումբի ղեկավարության ու նախագահի մասին: Հաճույքով հիշում ենք այն լավ ժամանակները, որոնք անցկացրել ենք նույն թիմում:

«Շախտյորի» պաշտպանները պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ Հենրիխը շատ է օգտվում իր արագությունից ու անընդհատ փոխանցման է սպասում: Նա ունի հրաշալի փոխանցում, կարող է լավ փոխանցում կատարել մեկ հպումով: Հենրիխը հիանալի խաղացող է, այդ պատճառով «Շախտյորի» ֆուտբոլիստների համար բարդ է լինելու դիմակայել նրան»,- Վյաչեսլավ Սևչուկի խոսքը մեջբերում է «Сегодня»-ն:

«Ռոմայի» ու «Շախտյորի» միջև առաջին խաղը տեղի կունենա մարտի 11-ին Հռոմում և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» խաղացել է 2010-2013-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում