11:47  ,  5 մարտի, 2021

Մարկոս Պիզելին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում 36-ամյա բրազիլացին խոսել է իր նշանակման մասին:

«Առաջին հերթին, շատ երջանիկ եմ՝ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ հայտնաբերել նոր ֆուտբոլիստներ, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը:

Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,- ասել է Պիզելին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, ով կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին նախորդ տարվա հունվարին վնասվածքի պատճառով ավարտել էր կարիերան: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում