21:04  ,  2 մարտի, 2021

Կուման. Բարտոմեուն միշտ առանձնահատուկ մարդ է եղել ինձ համար

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի ձերբակալությունը։

«Ակնհայտ է, որ «Բարսելոնայի» հեղինակության համար տեղի ունեցածը լավ չէ։ Մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ շարունակություն կլինի։ Պետք է պատրաստ լինենք վաղվան եւ մեր աշխատանքն անենք այնքան լավ, ինչքան հնարավոր է։

Բարտոմեուն միշտ առանձնահատուկ մարդ է եղել ինձ համար»,– Կումանի խոսքը մեջբերում է Sport.es–ը։

Հիշեցնենք, որ Բարտոմեուի նախաձեռնությամբ է Կումանն անցած ամռանը նշանակվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։

Մարտի 1-ին Բարտոմեուն, «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին ձերբակալվել էին կոռուպցիայի կասկածանքով: Ձերբակալությունները տեղի էին ունեցել «Բարսելոնայի» գրասենյակներում անցկացված խուզարկություններից հետո: Նրանց բաց են թողել գրավի դիմաց։

Իսպանական մամուլը ենթադրություն էր արել, որ ձերբակալությունները կապված են 2020-ի փետրվարին անօրինական վճարումների միջոցով սոցցանցերում Բարտոմեուի իմիջը բարձրացնելու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին վարկաբեկելու արշավներ ֆինանսավորելու հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում