21:41  ,  28 փետրվարի, 2021

30 տարվա դադարից հետո Քաղսիում բացվեց դահուկավազքի մարզական ակումբը (ֆոտո)

Ձմռան վերջին օրը Կոտայքի մարզի Քաղսի գյուղում նշանավորվեց դահուկավազքի մարզական թիմի առաջին մրցաշարի մեկնարկով։ Դահուկավազքի Հայաստանի բազմակի չեմպիոն, Քաղսիի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ Վարսենիկ Վարդանյանը 30 տարվա դադարից հետո վերաբացել է «Քաղսիի դահուկավազքի մարզական ակումբը»՝ նպատակ ունենալով նպաստել սպորտաձևի զարգացմանն ու մասսայականացմանը։

Առաջին մրցաշարը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քաղսեցիների՝ Սևակ Մնացականյանի և Սամվել Մելքոնյանի հիշատակին։ Հուշամրցաշարին մասնակցում էին Քաղսիի միջնակարգ դպրոցի առաջինից ութերորդ դասարանի աշակերտները։

Դասական ոճի մրցաձևում 1-ից 4–րդ դասարանի տղաների առաջատարը Օնիկ Ենոքյանն էր, իսկ աղջիկներից՝ Մագդալենա Խառատյանը։ 5–ից 8–րդ դասարանցիների տղաներից լավագույն արդյունքը գրանցեց Վահե Հակոբյանը, իսկ աղջիկներից՝ Մանե Մաթևոսյանը։ Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևներ և պատվոգրեր հանձնեց Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դահուկավազքը այն մարզաձևերից է, որը կոփում է մարզիկի ողջ մարմինը։ Նա սկսնակ դահուկորդներին կոչ արեց անընդհատ մարզվել և զբաղվել առողջ ապրելակերպով։ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ պատերազմում զոհված Սևակ Մնացականյանն իր ուսանողն է եղել և մեծ ավանդ ունի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում։

Սևակ Մնացականյանի եղբայրը՝ Մամիկոն Մնացականյանն էլ շնորհակալություն հայտնելով հուշամրցաշարի կազմակերպիչներին, ընդգծեց, որ իր եղբոր նպատակը առողջ և ուժեղ սերունդ կրթելն էր, իսկ ամենամեծ նպատակը՝ ուժեղ Հայաստան տեսնելը։ Նա հույս հայտնեց, որ սերունդները կշարունակեն Սևակի թողած կիսատ գործն ու հայրենիքի համար արժանի մարտիկներ կլինեն։

Ծնունդով Քաղսիից Սևակ Մնացականյանը «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահն էր, Ջրվեժի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Տարիներ առաջ հիմնելով ազգային մարտարվեստի ֆեդերացիան՝ Սևակը նպատակ ուներ զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները և այն սերնդեսերունդ փոխանցել։

Սևակ Մնացականյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ 2020թ. սեպտեմբերի 28-ին, զոհվել հոկտեմբերի 21-ին Արցախի հյուսիսարևելյան սահմանների պաշտպանության ժամանակ։ Սևակի ծննդյան օրը՝ փետրվարի 6–ին Ջրվեժի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն անվանակոչվեց նրա անունով։ Ժամկետային զինծառայող Սամվել Մելքոնյանն էլ զոհվել էր Արցախի հարավային սահմանների պաշտպանության ժամանակ։ Նրա քույրը՝ Օֆելյա Մելքոնյանը ևս մասնակցում էր մրցաշարին։

Քաղսիի միջնակարգ դպրոցի անունից՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնվեցին շնորհակալագրեր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում