10:14  ,  27 փետրվարի, 2021

Օրբելի Համբարձումյան. Այդ ժամանակահատվածում Հայաստան վերադառնալը սխալ որոշում էր

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17, Մ-19 ու երիտասարդական հավաքականների, Երևանի «Ուլիսի», «Ուրարտուի» (նախկին «Բանանց») և «Արարատի» նախկին կիսապաշտպան Օրբելի Համբարձումյանն այս մրցաշրջանի սկզբնամասում միացավ Չարենցավանի «Վանին», որի կազմը մարզչական փոփոխությունից հետո լքեց հունվարին: Հայաստանի ընթացիկ առաջնությունում Համբարձումյանը մեկ հանդիպման է մասնակցել «Վանի» կազմում: Հայաստան վերադառնալուց առաջ 24-ամյա ֆուտբոլիստը խաղում էր Ղրղզստանի առաջնությունում հանդես եկող «Աբդիշ-Ատա» ակումբում, որտեղ անցկացրել էր 9 ամիս:

«Վանից» հեռանալուց հետո Օրբելի Համբարձումյանը վերադարձել է Ղրղզստան և պայմանագիր կնքել «Նեֆթչի» ակումբի հետ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց Ղրղզստան վերադառնալու ու Հայաստանից հեռանալու պատճառների մասին:

Ո՞րն էր «Վանից» հեռանալու պատճառը և ինչու՞ որոշեցիր վերադառնալ Ղրղզստան:

Միանշանակ, քիչ խաղաժամանակ ստանալը: Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր ընդգրկված էին թիմում, կհամաձայնեն, որ ես ավելիին էի արժանի: Վերադարձա Ղրղզստանի առաջնություն, քանի որ կային առաջարկներ, այստեղ ինձ ճանաչում են և ծանոթ են իմ խաղային որակներին: Նոր թիմիս առջև դրված են բարձր նպատակներ, ինչը, կարծում եմ, յուրաքանչյուր մրցունակ ֆուտբոլիստի համար ամենալուրջ մոտիվացիան է:

«Վանում» գրեթե խաղաժամանակ չստացար: Տեղափոխությունից առաջ գիտեի՞ր, որ կարող ես քիչ ունենալ խաղալու հնարավորություն:

Այո, գիտակցում էի, որ, հնարավոր է, ստանամ քիչ խաղաժամանակ, քանի որ թիմին միացա առաջնության ընթացքում, և կա անհրաժեշտություն ծանոթանալ թիմի խաղացողների որակներին ու ընդհանուր խաղաճին, թեև մարզչական կազմին ծանոթ էի և գիտեի նրանց պահանջների մասին: Բացի այդ, մոտ 2 տարի արտերկում հանդես գալուց հետո պետք էր հասկանալ առաջնության մակարդակի փոփոխությունը: Գտնվելով մարզումային գործընթացում ու մոտիկից հետևելով առաջնությանը՝ հասկացա, որ, միանշանակ, կարող եմ օգուտ տալ թիմին: Մարզիչի հետ զրուցեցի իմ՝ խաղաժամանակ չստանալու վերաբերյալ և հասկացա, որ ինձանից որևէ դժգոհություն չունեն, սակայն միակ պատճառն այն էր, որ թիմին միացա ֆորսմաժորային իրավիճակում, ինչի պատճառով հնարավորություն չունեցան ինձ տեսնել ստուգողական խաղերում: Միանշանակ, հարգում եմ մարզիչի որոշումը, բայց միաժամանակ մտածում եմ, որ 2 ամիս լինելով ակումբում, մասնակցելով մարզումային գործընթացին, արժանի էի ստանալ հնարավորություն: Ցավով պետք է նշեմ, որ այդ ժամանակահատվածում Հայաստան վերադառնալը սխալ որոշում էր, բայց ինչևիցե:

«Վանում» լեգեոնականների պակաս չէր զգացվում: Արդյո՞ք նրանք այն խաղամակարդակի խաղացողներ էին, որոնց հետ պայքարում տեղացի ֆուտբոլիստները զիջում էին:

«Վանում» կային լեգեոնականներ, որոնք հետաքրքրացնում էին առաջնությունը, բայց, միանշանակ, կային նաև այնպիսի խաղացողներ, որոնք ոչ միայն ուժեղ չէին հայ ֆուտբոլիստներից, այլև զիջում էին նրանց, բայց ստանում էին ավելի շատ խաղաժամանակ: Յուրաքանչյուր մարզիչ յուրովի է մոտենում ֆուտբոլիստների ընտրությանը, բայց պետք է գնահատել ունեցածը: Մենք ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք նույն թիմում ավելի շատ խաղաժամանակ են ստանում արտասահմանցի մասնագետների օրոք, քան հայ մարզիչների դեպքում: Օրինակները շատ են:

Հայաստանում մնալու ցանկությո՞ւն չունեիր, թե չկային լավ առաջարկներ:

Ճիշտն ասած, այդպիսի հիասթափությունից հետո նախընտրեցի կարիերան շարունակելու այս տարբերակը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն գնահատում են: Իհարկե, տանը խաղալը հարմար է բոլոր գործոններով, բայց դրսում պահանջներն այլ են: Եթե արտասահմանցի ես, պետք է ամեն ինչ անես՝ ապացուցելու համար, որ արժանի ես խաղալ թիմում: Ցավոք, Հայաստանում դեռ ոչ բոլորն են այդպես ընտրում լեգեոնականների:

Նոր ակումբդ ի՞նչ ամբիցիաներով թիմ է, և ինչի համար է պայքարելու նոր մրցաշրջանում:

Նախորդ տարի թիմը գրավել է երրորդ տեղը, իսկ այս տարի մոտ 70 տոկոսով թարմացրել է ինչպես ֆուտբոլիստների կազմը, այնպես էլ մարզչական: Ակումբի առջև դրվել է Ասիայի Չեմպիոնների լիգային մասնակցելու խնդիր, ինչը հնարավոր է միայն չեմպիոնի տիտղոսը նվաճելու կամ գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ:

Ղրղզստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստ տեսնելը հազվադեպ երևույթ է: Տեղի երկրպագուներն ինչպե՞ս են ընդունում քեզ:

Այնպես է ստացվել, որ ես առաջինն եմ, բայց կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն հայ խաղացողների նկատմամբ: Հաճելիորեն զարմացած եմ իմ հանդեպ ջերմ վերաբերմունքից: Ինձ դեռ հիշում են այստեղ և ցավում, որ խաղալու եմ իմ նախկին թիմի դեմ: Մինչև հիմա լավ հարաբերությունների մեջ եմ նախորդ թիմիս սեփականատիրոջ ու երկրպագուների հետ:

Նախորդ տարի, երբ հեռանում էիր Ղրղզստանից, երկրում լարված վիճակ էր և տեղի ունեցավ հեղափոխություն: Հիմա ի՞նչ իրավիճակ է այդտեղ: Հեղափոխությունն անդրադարձե՞լ է ֆուտբոլային կյանքի վրա:

Դա առաջին դեպքը չէր, երբ երկրի բնակչությունը ոտքի է կանգնում: 2010 թվականին ևս եղել է հեղափոխություն, և ժողովուրդը կարողանում է հայտնել իր կարծիքը: Նույնը նաև ֆուտբոլի բնագավառում. ֆուտբոլիստները կարողանում են համախմբվել և ակումբի ղեկավարությանը հայտնել որոշ հարցերում իրենց անհամաձայնության մասին:

Դավիթ Եղիազարյան 

 

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ