01:53  ,  24 փետրվարի, 2021

ՉԼ. «Բավարիան» 4 գոլ խփեց Հռոմում, «Չելսին» ուժեղ էր «Աթլետիկոյից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ իտալական «Լացիոյին»

Հռոմում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն օգտվեց «Լացիոյի» արգենտինացի պաշտպան Մատեո Մուսակիոյի կոպիտ սխալից: 32-ամյա Լևանդովսկին 72-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում և, շրջանցելով Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երրորդ տեղ: Նրանից շատ գոլ խփել են միայն 36-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (134 գոլ) և 33-ամյա արգենտինացի Լիոնել Մեսին (118 գոլ):

Առաջին խաղակեսում անգլիացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և գերմանացի վինգեր Լերոյ Սանեն մեծացրին գերմանական ակումբի առավելությունը, և թիմերն ընդմիջման գնացին 0:3 հաշվի պայմաններում: 17-ամյա Մուսիալան դարձավ «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում թիմերը խփեցին մեկական գոլ: 46-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Լացիոյի» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին, իսկ 3 րոպե անց դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կորեան կրճատեց հաշիվը՝ 1:4: Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի գրավումներ չարձանագրվեցին:

Օրվա մյուս խաղում Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» և պարտվեց նվազագույն հաշվով: Անգլիական ակումբի հաղթական գոլը 68-րդ րոպեին շրջադարձ հրավածով խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի խաղացողներն ամբողջ խաղի ընթացքում դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին: Հանդիպումն անցկացվեց չեզոք դաշտում՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:4 (տեսանյութ)

Խոակին Կորեա, 49 – Ռոբերտ Լևանդովսկի, 9, Ջամալ Մուսիալա, 24, Լերոյ Սանե, 42, Ֆրանչեսկո Աչերբի, 46 (ինքնագոլ)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում