09:11  ,  22 փետրվարի, 2021

Արթուր Ալեքսանյանը և Վիկ Դարչինյանը հանդիպել են պատերազմի մասնակից վիրավոր զինվորների հետ (ֆոտո)

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից վիրավոր զինվորների հետ։

Ինստագրամի միկրոբլոգում գյումրեցի ըմբիշը զինվորների հետ լուսանկար է հրապարակել:

«Մեր հերոսների հետ»,- լուսանկարին կից գրել է օլիմպիական չեմպիոնը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս ըմբիշները և պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը մանրամասներ է հայտնել։

«Զինվորների հետ հանդիպումը տեղի է ունեցել Ծաղկաձորի մարզաբազայում։ Մեր հերոսները մի քանի օր կանցկացնեն բազայում։ Բոլորը պատերազմի մասնակիցներ են»,- ասել է 29-ամյա ըմբիշը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն այս օրերին Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականների հետ վերջին մարզումներն է անցնում փետրվարի 25-28-ը Կիեւում տեղի ունենալիք միջազգային մրցաշարից առաջ։ Թիմերը մրցավայր կմեկնեն փետրվարի 23-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում