19:05  ,  12 փետրվարի, 2021

Միքայել Միքայելյանը հաջող ելույթ է ունեցել Մ-23 ԱԱ-ում

Հայաստանի չեմպիոն Միքայել Միքայելյանը հաջող ելույթ է ունեցել դահուկավազքի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում: 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում նա 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը (2020թ․-ին նա 11-րդն էր)։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն անդրադարձել է Միքայել Միքայելյանի ելույթին:

«Շնորհակալությունս ու խոնարհումն Արթուր և Ալլա Միքայելյաններին և նրանց որդիներ Սերգեյ և Միքայել Միքայելյաններին, որոնք իրենց անսահման նվիրումով, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ պատմություն են կերտում։ Տարիներ առաջ ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր երազել նման արդյունք, հավասարը հավասարի պայքարել և արդեն հաղթել պետությունների, որոնք միլիոնավոր եվրոներ են ներդնում նման արդյունքների համար, իսկ մենք բոլորս միասին անում ենք անհնարն ու անհավատալին․․ Այսօր Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Միքայել Միքայելյանի զիջել է միայն աշխարհի հզոր դահուկային պետություններից ընդամենը 5-ին՝ Գերմանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Շվեդիային․․ միայնակ հաղթել ֆիններին, կանադացիներին, ամերիկացիներին, շվեյցարացիներին, ավստրիացիներին, իտալացիներին, սլովենացիներին և այսպես շարունակ ... անչափ երջանիկ եմ այսօր, արդեն իսկ սկսում ենք քաղել մեր գիշեր ու զոր աշխատանքի պտուղները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում