18:44  ,  5 փետրվարի, 2021

«Այաքսի» պատմության ամենաթանկ խաղացողը չի կարողանա խաղալ Եվրոպայի լիգայում

Ամստերդամի «Այաքսի» նորեկ Սեբաստյեն Հալերը հոլանդական ակումբին չի օգնի Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 2–ին Եվրոպայի լիգայի մասնակիցները պետք է ներկայացնեին 25 ֆուտբոլիստից կազմված թարմացված հայտացուցակները, սակայն «Այաքսը» մոռացել էր հայտավորել ֆրանսիացի հարձակվողին։

Ակումբը դիմել է ՈւԵՖԱ–ին և խնդրել 26–ամյա Հալերին ընդգրկել հայտացուցակում, սակայն մերժում է ստացել։

Հիշեցնենք, որ «Այաքսն» այս ձմռանն էր ձեռք բերել Սեբաստյեն Հալերին, որի տրանսֆերի դիմաց 22.5 միլիոն եվրո էր վճարել անգլիական «Վեստ Հեմին»։ Դա հոլանդական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր։

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Այաքսը» կմրցի ֆրանսիական «Լիլի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18–ին Ֆրանսիայում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Հոլանդիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով