21:09  ,  3 փետրվարի, 2021

Վիգեն Խաչատրյան․ Ռուբեն Ալեքսանյանն ավարտել է մարզական կարիերան

Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն ավարտել է մարզական կարիերան, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը։

Փետրվարի 1-5-ը Երեւանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվում է ծանրամարտի տղամարդկանց  Հայաստանի առաջնություն։ Մինչ այդ տեղի է ունեցել կանանց առաջնությունը եւ արդեն հայտնի են հաղթողները։

Տղամարդկանց մրցաշարում 10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում է 100-ից ավել ծանրորդ։   Պայքարի մեջ են նաեւ Հայաստանի առաջատար ծանրորդներ՝ աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը։ 

«Տղամարդկանց Հայաստանի առաջնության մասնակցությունն այս տարի բարձր է։ Յուրաքանչյուր քաշում 10-ից ոչ պակաս մասնակից ունենք։ Ամենակարեւորն այն է, որ որակ կա։ Եթե նախորդ տարիներին յուրաքանչյուր քաշում ունենում էինք մեկ կամ երկու ուժեղ տղաներ, հիմա արդեն մինչեւ 4-րդ, 5-րդ տեղեր զբաղեցնողները լավ ուժեղ տղաներ են։ Ունենք ընտրության մեծ հնարավորություն»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Նշենք, որ ապրիլի 3-11-ը Մոսկվայում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։  

«Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում ենք մի քանի փուլերով՝ ուսումնամարզական հավաքներով։ Մինչեւ ԵԱ, միջազգային մրցաշար չունենք։ Գլխավոր ստուգատեսը Հայաստանի առաջնությունն է, որից կձեւավորվի հավաքականի համալրված կազմը։ Հայաստանի առաջնութունից հետո կանենք եւս մի քանի ուսումնամարզական հավաքներ եւ կմենկնենք Մոսկվա։

Այս արդյունքներով նոր կազմ է ձեւավորվելու, քանի որ երիտասարդներն ուժեղանում են եւ պետք է փոխարինեն ավագ սերնդին։ Գերծանր քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը ավարտեց մարզական կարիերան, այլեւս նրան չենք տեսնի մրցահարթակում։ Նրան կփոխարինի Վարազդատ Լալայանը։ 

Հրաշալի եկող սերունդ ունենք։ Երիտասարդները մեծ ներուժ ունեն, հեռանկարային են եւ  այսպիսի աշխատանքով մեծահասակներում լավ արդյունքներ կգրանցեն։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք թիմով, բայց ոչ բոլոր քաշային կարգերում։ Ունենք քաշեր, որոնցում կներկայանանք երկուական մարզիկներով»,- նշեց մարզիչը։

Հավաքականի մարզիչի խոսքով կանանց ծանրամարտում նոր մեծ նվաճումների հեռանկարներ կան։ Նոր ձեւավորված կազմով  Հայաստանի կանանց թիմը կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը։

«Հունվարի 31-ին տեղի ունեցավ կանանց Հայաստանի առաջնությունը։ Մասնակցությունը բարձր էր, արդյունքները՝ գոհացնող։  Արդեն ունենք պատանի, երիտասարդ աղջիկներ, որոնք գալիս են փոխարինելու մեծահասակներին։ Մոտ ապագայում այս աղջիկները մեծ արդյունքներ կգրանցեն։ Նրանցից  սպասելիքներն, իրոք, շատ են։ Պետք է լավ աշխատանք տանենք, հոյակապ մարզիկներ ունենք եւ շատ գոհ ենք նրանցից։ Այս տեմպով աշխատելու դեպքում, արդյունքները չեն ուշանա։ Կանանց ծանրամարտում մոտ ապագայում կունենանք այն հաջողություններն ու նվաճումները, որոնք ունեցել են Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը։

Ունենք լավ կազմ, մրցունակ աղջիկներ։ Մոսկվայում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը կանանց մրցաշարում կունենանք 4 մասնակիցներ, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է մեդալի։  Լիանա Գյուրջյան, Իզաբելա Յայլյան, Տաթեւ Հակոբյանը եւ Արփինե Դալալյանը ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի ծանր հրետանիներն են, որոնք լավ մարզավիճակում են եւ կուրախցնեն բոլորիս Եվրոպայի առաջնությունում։

Այս սերունդը շարունակելու է Նազիկ Ավդալյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի հաջողությունների շրջանը։ Կանանց հավաքականը ունի բոլոր հնարավարությունները, ներուժը կրկնել եւ ավելացնել մեծ հաղթանակները կանանց ծանրամարտում»,- մանրամասնեց Վիգեն Խաչատրյանը։

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով