10:57  ,  3 փետրվարի, 2021

Ռեկորդներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» (9:0) խաղում

«Սաութհեմփթոնը», Անգլիայի առաջնության 22-րդ տուրում 0:9 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին», սահմանել է հակառեկորդ:

Վերջին 1.5 տարում դա «Սաութհեմփթոնի» երկրորդ պարտությունն էր 0:9 հաշվով: 2019-ի հոկտեմբերին թիմը Պրեմիեր լիգայի խաղում 9 գոլ էր բաց թողել նաև «Լեսթերից»:

Վերջին 128 տարում «Սաութհեմփթոնն» առաջին թիմն է, որը 2 տարվա ընթացքում 2 անգամ Անգլիայի ուժեղագույնների լիգայում պարտվում է 9 և ավելի գոլի տարբերությամբ, հայտնում է Master Chip-ը:

Այդ ցուցանիշով հակառեկորդ 1892–1893 թվականներին սահմանել է «Դարվեն» ակումբը, որը նախ 0:12 հաշվով պարտվել է «Վեստ Բրոմվիչին» (1892-ի ապրիլին), այնուհետև պարտություն է կրել «Աստոն Վիլայից»՝ 0:9 (1893-ի դեկտեմբերին):

«Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում երկրորդ անգամ խփում է 6 և ավելի գոլ: Առաջինը տեղի էր ունեցել «Լիդսի» դեմ 14-րդ տուրի խաղում (6:2): 2000/01թթ. մրցաշրջանից հետո սա առաջին դեպքն է, երբ մանչեսթերցիները մեկ մրաշրջանում խփում են 6 և ավելի գոլ: 20 տարի առաջ «տուժել» էին «Բրեդֆորդն» ու «Արսենալը»:

1997/98թթ. մրցաշրջանից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ մրցաշրջանում 2 անգամ 4 և ավելի գոլի հեղինակ է դառնում առաջին խաղակեսում (նախորդը «Լիդսի» հետ խաղում էր):

Դա նաև Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդի կրկնություն է: 1995 թվականին մանչեսթերյան ակումբն 9։0 հաշվով հաղթել էր «Իպսվիչին», իսկ 2019թ․ հոկտեմբերին «Լեսթերը» 9։0 հաշվով ուժեղ էր գտնվել նույն «Սաութհեմփթոնից»։

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սաութհեմփթոնը» 29 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում