23:46  ,  1 փետրվարի, 2021

Գևորգ Ղազարյան. ԱԵԼ-ի մարզիչի հետ զրույցից հետո որոշեցի հեռանալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Եվրոպայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը Կիպրոսի ԱԵԼ-ից տեղափոխվեց հունական «Լամիա», որը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է նրան:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը խոսեց ԱԵԼ-ից հեռանալու պատճառների մասին:

«ԱԵԼ-ից հեռանալու որոշումն ընդունեցի մարզիչի հետ զրույցից հետո: Մարզիչն ասաց, որ չի պատրաստվում շատ խաղաժամանակ տրամադրել ինձ: Հարցական էր, թե խաղալու դեպքում որքան էի խաղալու, այդ պատճառով որոշեցի հեռանալ»,- նշեց Ղազարյանը:

Հունաստանում Գևորգ Ղազարյանը 2014-2015-ը հանդես է եկել նաև «Օլիմպիակոսում» ու «Կերկիրայում»: Կիսապաշտպանի խոսքով, կային կարիերան շարունակելու առաջարկներ տարբեր երկրներից, սակայն նրա ընտրությունը հունական ակումբի վրա կանգ առավ մարզիչի պատճառով: «Լամիան» գլխավորում է 47-ամյա հույն մասնագետ Միչալիս Գրիգորիուն, որի գլխավորությամբ Ղազարյանը 2015-ին հանդես է եկել «Կերկիրայում»:

«Կային առաջարկներ տարբեր երկրներից: ԱԵԼ-ում ինձ առաջարկեցին տեղափոխվել կիպրոսյան թիմերից մեկը, բայց ես չընդունեցի այդ առաջարկը: Ունեի առաջարկներ նաև Իսրայելից ու Ղազախստանից: «Լամիայի» մարզիչի հետ նախկինում աշխատել եմ «Կերկիրայում»: Հաճելի է, որ դարձյալ աշխատելու եմ նրա հետ: Լավ եմ հիշում Հունաստանի առաջնությունը: Այս ընթացքում հետևել եմ առաջնությանը և կարող եմ ասել, որ այն լավ մակարդակի վրա է: Անհամբերությամբ սպասում եմ թիմի առաջիկա խաղերին, որպեսզի ունենանք շատ հաղթանակներ, կատարենք առաջադրանքը և պահպանենք տեղն ուժեղագույնների լիգայում»,- նշեց Գևորգ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազրայանը 2019-ին էր միացել ԱԵԼ-ին: Նախորդ տարվա հունիսին նա երկարաձգել էր ակումբի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Կիպրոսի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:

Նախկինում Ղազարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում», պորտուգալական «Մարիտիմոյում» ու «Շավիշում»:

Հունաստանի ընթացիկ առաջնությունում «Լամիան» 18 խաղից հետո 11 միավորով նախավերջին՝ 13-րդ տեղում է: Լամիա քաղաքը ներկայացնող թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին՝ ընդունելով «ԱԵԼ Լարիսային»:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով