15:31  ,  27 հունվարի, 2021

Ալեքսանդր Կարապետյանն «Արարատ-Արմենիայի» հետ մեկնել է ԱՄԷ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն «Արարատ-Արմենիայի» հետ հունվարի 27-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ Հայաստանի չեմպիոնը հավաք կանցկացնի մինչև փետրվարի 12-ը, փոխանցում են NEWS.am Sport-ի աղբյուրները:

33-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ ժամանել էր Հայաստան և միացել «Արարատ-Արմենիայի» մարզումներին: Սպավում է, որ առաջիկայում նա պայմանագիր կկնքի երևանյան ակումբի հետ:

Ալեքսանդր Կարապետյանն այս մրցաշրջանից առաջ ռուսական «Սոչիից» էր տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով «Տամբովը» փակվելու եզրին է:

Կարապետյանը վերջերս «Տամբովի» կազմում մասնակցում էր ռուսական Կրիմսկում ընթացող հավաքին, սակայն ավելի ուշ լքել էր թիմի ճամբարը:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ` մրցելով ռուսական «Ուրալի» (հունվարի 30), «Ռոդինայի» (փետրվարի 3), «Զենիթի» (փետրվարի 4) ու լատվիական «Ռիգայի» (փետրվարի 11) հետ:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո ունի 18 միավոր և «Արարատի» ու «Ալաշկերտի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով