15:12  ,  27 հունվարի, 2021

«Ռեալը» չի կարողացել փոխհամաձայնության գալ Ռամոսի հետ, բանակցությունները դադարեցվել են

Մադրիդի «Ռեալը» թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ չի կարողանում փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Marca-ի համաձայն՝ իսպանացի պաշտպանը մերժել է Արքայական ակումբի առաջարկը: «Ռեալին» չի հաջողվել փոխհամաձայնության գալ նաև իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ: Այս պահին բանակցությունները դադարեցված են, և ֆուտբոլիստները կարող են բանակցել այլ ակումբների հետ:

34-ամյա Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայի չեմպիոնն իսպանացի պաշտպանին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Նա անցած տասնամյակի գոլերի քանակով աշխարհի ամենաարդյունավետ պաշտպանն է: Անցած 10 տարիներին Ռամոսը «Ռեալում» խփել է 71 գոլ, իսկ Իսպանիայի հավաքականում՝ 18։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում