10:07  ,  27 հունվարի, 2021

Տուխել. Պրեմիեր լիգան աշխարհի ամենադիտարժան առաջնությունն է

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ցանկանում եմ իմ ու մարզչական շտաբիս հանդեպ վստահության համար շնորհակալություն հայտնել «Չելսիին»: Բոլորս հարգանքով ենք վերաբերվում Ֆրենկ Լեմպարդի կատարած աշխատանքին ու այն ժառանգությանը, որը նա թողել է «Չելսիում»: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կհանդիպեմ իմ նոր թիմին ու կմասնակցեմ աշխարհի ամենադիտարժան առաջնությանը: Շատ ուրախ եմ դառնալ «Չելսիի» մի մասնիկը: Զգացողություններն աննկարագրելի են»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետն անգլիական ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Նա դարձավ «Չելսիի» առաջին գերմանացի գլխավոր մարզիչը: Տուխելը նաև 5-րդ գերմանացի մարզիչն է Պրեմիեր լիգայում: Դեկտեմբերին նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2018 թվականից: Նախկինում Տուխելը գլխավորել է նաև գերմանական «Մայնցն» (2009-2014) ու Դորտմունդի «Բորուսիան» (2015-2017):

Հունվարի 26-ին «Չելսին» առաջին մարզումն է անցկացնրել նոր մարզիչի գլխավորությամբ, իսկ հունվարի 27-ին Անգլիայի առաջնության 20-րդ տուրում կմրցի «Վուլվերհեմփթոնի» հետ։

Ֆրենկ Լեմպարդը 2019 թվականի ամառվանից էր աշխատում «Չելսիում», որը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է: «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում 42-ամյա անգլիացի մասնագետն անցկացրել է 84 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 17 ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում