22:31  ,  26 հունվարի, 2021

Թոմաս Տուխելը դարձավ «Չելսիի» առաջին գերմանացի գլխավոր մարզիչը

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում Թոմաս Տուխելին նշանակելու մասին։ 2,5 տարի ՊՍԺ-ն գլխավորած մասնագետը փոխարինեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդին։ Նա դարձավ «Չելսիի» առաջին գերմանացի գլխավոր մարզիչը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Չելսին» Տուխելի հետ կնքել է 18 ամսվա պայմանագիր, երկարաձգելու հնարավորությամբ։

«Չելսիի» ֆուտբոլիստներից Կրիստիան Պուլիշիչը Տուխելի ղեկավարությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», Տիագո Սիլվան՝ ՊՍԺ-ում։

Անգլիական թիմն այսօր առաջին մարզումը կանցկացնի Տուխելի գլխավորությամբ, իսկ հունվարի 27-ին Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում կմրցի «Վուլվերհեմփթոնի» հետ։

«Չելսին» Պրեմիեր լիգայի 19 տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է։

Տուխելի ղեկավարությամբ ՊՍԺ-ն երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, մեկական անգամ՝ Ֆրանսիայի գավաթակիր եւ Ֆրանսիական լիգայի գավաթակիր։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ եզրափակիչ եւ 0։1 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում