17:43  ,  26 հունվարի, 2021

Ռազմիկ Գրիգորյանը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Որպես մարզիչ՝ նույնպես աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում՝ օգնելով Արթուր Պետրոսյանին: Աշխատել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»՝ որպես գլխավոր մարզիչի օգնական, գլխավորել է «Դիլիջանը», այժմ «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է:

Հայաստանի Մ-19 հավաքականը 2002 թ. ծնված ֆուտբոլիստներից կազմավորված այն թիմն է, որը դեռևս 2020 թ. հոկտեմբերին, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, պետք է մասնակցեր 2020/2021 առաջնության որակավորման փուլին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր և տեղի կունենա 2021 թ. մարտին՝ Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում