10:14  ,  26 հունվարի, 2021

Հակոբ Սերոբյան. Ֆեդերացիայի նորընտիր նախագահը ներսից ծանոթ է մարզաձեւի, հավաքականի ու մարզիկների խնդիրներին

Ուրախ եմ, որ Գագիկ Վանոյանն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ: Ակնկալում եմ օգտակար եւ համատեղ աշխատանք: Ալբերտ Ազարյանը կլինի ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Նրա խոսքն ամեն հարցում կլինի ամենաբարձրն ու առաջնայինը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արտահերթ համագումարի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 1998 թվականից զբաղեցրած եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին փոխարինել է Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն: Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Նախկին մարմնամարզիկ Գագիկ Վանոյանի թեկնածությունն առաջադրել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Գագիկ Վանոյանը նախկինում եղել է հավաքականի անդամ, սպորտի վարպետ: Մարմնամարզությանը ներսից է ծանոթ: 2018 թվականից ֆեդերացիայի փոխնախագահն էր, բոլորիս շատ հոգեհարազատ մարդ: Մինչեւ ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվելը, մշտապես եղել է մեր կողքին, իր նախաձեռնությամբ եւ առաջարկով օգնել բազմաթիվ հարցերում: Այս համատեքստում մենք նրան ընտրեցինք փոխնախագահ, նա սիրով համաձայնեց եւ եկավ մեզ օգնելու ոչ միայն ֆեդերացիայի կազմակերպչական, այլեւ ֆինանսական հարցերով: Փոխնախագահի նրա թեկնածության առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել: Որոշումը եղավ հետեւյալը՝ տեսնենք նրա աշխատանքը բուն գործունեությունում, ինչպես է կարողանում ամենատարբեր խնդիրներին լուծում տալ: Մեր առաջնային խնդիրներից մեկը Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների անդամավճարներն ու լիցենզիաներն էին: Գագիկն անմիջապես լծվեց գործի, լուծեց մեր անդամավճարների հարցը, ֆինանսով աջակցեց բազմաթիվ հարցերում մինչեւ անգամ մարզիկների վիրահատությունները: Օրինակ՝ Արթուր Թովմասյանի ծնկի վիրահատության մի մասը ՀԱՕԿ-ը ֆինանսավորեց, մյուս մասը Գագիկն իր միջոցներով: Արթուր Ավետիսյանի ուսի վիրահատությունը եւս: Ամեն ինչ արեց իր միջոցներով, օգնեց, աջակցեց ֆեդերացիային: Նա պատրաստակամ էր հետագայում նաեւ շարունակել իր աջակցությունը ֆեդերացիային:

Նա միակ ու լավագույն թեկնածուն էր ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նրա կատարած աշխատանքն արդեն բոլորս տեսել էինք եւ միաձայն համաձայնեցինք, որ հետագայում շարունակի իր աշխատանքն արդեն նախագահի պաշտոնում: Մեզ նման նախագահ շատ էր պետք, որը պատրաստ է ամեն ինչով աջակցել թիմին: Վստահ եմ՝ Գագիկ Վանոյանն այն նախագահներից չի, որ միջամտի մարզիչների աշխատանքին, որոշի ով, որ մրցաշարին պետք է մասնակցի եւ ինչու: Գագիկը ներսից տեղյակ է մարզաձեւի, ֆեդերացիայի, մարզիկների խնդիրներին եւ վստահ եմ, որ նրա հետ մեծ հաջողությունների կհասնենք, մեծ նվաճումներ կունենանք:

Ոչ մի ակնկալիք չունենք, միայն օգտակար եւ համատեղ աշխատանք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար Ալբերտ Ազարյանը սիրով համաձայնել է նախագահի պաշտոնը զիջել երիտասարդի: Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է, ֆեդերացիայի նախագահի պաշտոնում էր 1998 թվականից:  

«Ալբերտ Ազարյանը սիրով համաձայնեց զիջել նախագահի պաշտոնը: Նա մեր լեգենդ է, նրա խոսքը միշտ պետք է լինի ամենաբարձրն ու առաջնայինը: Ընտրվեց պատվավոր նախագահ: Ժամանակն է, որ մարզաձեւում, ֆեդերացիայում լինի սերնդափոխություն, տեղ տանք նաեւ երիտասարդներին, որպեսզի մենք էլ հանգիստ փոխանցենք մեր գործը նրանց: Որեւէ մեկս պաշտոնից կառչած չենք: Ով լավ կկատարի իր աշխատանքը, կշարունակի գործել, ով, ոչ՝  նրա փոխարեն կաշխատի ուրիշը»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ընտրվել է ՀՄՖ գործադիր կոմիտեի անդամ: Անդամներ են դարձել նաեւ Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղիսաբեթ Չատրջյանն ու Դավիթ Ֆահրադյանը:

«Հարություն Մերդինյանն ընտրվեց գործադիր կոմիտեի անդամ, բայց դա չի նշանակում, որ մեր առաջատար մարզիկն ավարտում է մարզական կարիերան: Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի բրոնզե մեդալակիրը կշարունակի մարզվել, այդ ընթացքում գործադիր կոմիտեում կպաշտպանի մարզիկների շահերը:

Ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնադրության, գործադիրի կազմում պետք է լինի մեկ անդամ, որը պաշտպանելու է մարզիկների շահերը: Որպես հավաքականի ամենաբարձր նվաճումներ ունեցող անդամ, ընտրեցինք Հարություն Մերդինյանին»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Գագիկ Վանոյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 5-ին Երեւանում:

2002-2006 թթ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում:

2011-2015թթ սովորել է Գավառի պետական համալսարանում:

5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ:

2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ:

ՀՀ չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ:

2018 թվականին ընտրվել է ՀՄՖ փոխնախագահ:

2010 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ պետական պահպանության ծառայությունում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լուսինե Շահբազան

Լուսանկարում՝ Ալբերտ Ազարյան, Գագիկ Վանոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում