19:19  ,  25 հունվարի, 2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը համալրել է «Փյունիկը»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ «Փյունիկ» վերադառանալու կապակցությամբ։ Այս ակումբն ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ ես արել եմ իմ առաջին ֆուտբոլային քայլերը։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացել եմ այստեղ և հիմա, կարիերայիս այս փուլում ես կփորձեմ առավելագույնն անել թիմին օգնելու համար։ 

Շատ մարտունակ թիմ է։ Կարող եմ ասել, որ այն, ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» զբաղեցրած դիրքին։ Նման իրավիճակներ շատ ակումբների հետ է եղել։ Մենք պետք է մրցաշրջանի երկրորդ հատվածում ամեն ինչ անենք իրավիճակը շտկելու համար։

Մարզիչ Եղիշե Մելիքյանի մեթոդներին ծանոթ եմ։ Այն ժամանակ, երբ ես խաղում էի Ուկրաինայում, նա նույնպես այնտեղ մարզչական գործունեություն է ծավալել։ Հուսով եմ՝ այստեղ նրա գլխավորությամբ կկարողանանք լավ արդյունքներ գրանցել։ 

Երկրպագուներին կասեմ, որ շարունակեն հավատալ այս թիմին։ Ոչինչ դեռ կորած չէ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք լավ զգացողություններով հետևեն մեր խաղերին»,- Արման Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն այս ձմռանն էր հեռացել ղազախական «Տոբոլից», որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է: Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում»,«Գանձասար-Կապանում» և ուկրաինական «Զիրկայում»:

Արման Հովհաննիսյանը «Տոբոլին» միացել էր 2020 թվականի սկզբնամասում: Ղազախստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է ընդամենը 3 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով