09:45  ,  26 հունվարի, 2021

UFC-ի նախագահը վստահ չէ, որ Մաքգրեգորը կվերադառնա պարտությունից հետո

UFC-ի նախագահ Դանա Ուեյթն անդրադարձել է խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի պարտությանն ամերիկացի Դասթին Պորիեի հետ մենամարտում: Ուայթը չի բացառել, որ իռլանդացի մարտիկը կավարտի ելույթներն UFC-ում:

«Կարծում եմ, որ պարտությունն ավելի քաղցած կդարձնի Մաքգրեգորին: Նրա դեպքում կա 2 տարբերակ՝ կամ նա կդառնա ավելի քաղցած, կամ կհեռանա: Նա հարուստ է: Դա նման է «Ռոկի-3» ֆիլմին: Երբ քեզ առաջարկում են 90 մետրանոց զբոսանավ, դու վայելում ես այդպիսի շքեղ կյանքը: Դժվար է լինել «վայրենի», երբ դու ապրում ես Քոնորի պես և ունես այդքան փող: Երբ Քոնոր Մաքգրեգորը երիտասարդ տղա էր, նա ծարավ էր հաղթանակների: Հիմա նա ունի ամեն բան, ինչ ցանկացել է: Այդ պատճառով չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- UFC 257 մրցաշարից հետո մամուլի ասուլիսում նշել է Դանա Ուայթը, փոխանցում է fightnews.info-ն:

Պորիեի հետ մենամարտից հետո Մաքգրեգորին 180 օրով արգելել են մենամարտել բժշկական ցուցումներով: Նրա մոտ կասկածվում է սրունքի 2 ոսկրերի վնասվածքներ:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Պորիեն իռլանդացի մարտիկին երկրորդ ռաունդում հաղթել էր նոկաուտով: 32-ամյա Մաքգրեգորը կարիերայում առաջին պարտությունը կրեց նոկաուտով:

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English