15:05  ,  25 հունվարի, 2021

Գևորգ Կասպարովը շարունակում է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովն այս օրերին մասնակցում է Երևանի «Ալաշկերտի» հավաքին, փոխանցում են NEWS.am Sport-ի աղբյուրները:

Դեկտեմբերին 40-ամյա Կասպարովը հեռացել էր Գյումրիի «Շիրակից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է: Հնարավոր է, որ նա պայմանագիր կկնքի «Ալաշկերտի» հետ:

Վերջերս երևանյան ակումբը պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գևորգ Կասպարովը դարձել էր Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահը: Երևանի «Ուրարտուի» դեմ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած խաղում նա «Շիրակի» կազմում ռեկորդը սահմանեց 40 տարեկան 120 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ռոբերտ Պալյանը, որը Հայաստանի առաջնությունում խաղացել էր 40 տարեկան 90 օրականում: «Փյունիկի» դեմ տարեվերջյան խաղում Գևորգ Կասպարովը թարմացրեց սեփական ռեկորդը՝ խաղալով 40 տարեկան 140 օրականում:

Գևորգ Կասպարովն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Շիրակին»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Դվինում», «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև Իրանը ներկայացնող «Արարատ» (Թեհրան), «Պաս», «Ռահ Ահան», «Սանատի Կավե», «Զոբ Ահան», «Տրակտոր» ակումբներում ու Արևմտյան Հայաստանի հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 34 գնդակ:

Ավելի վաղ Գևորգ Կասպարովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ եթե չլինի տարբերակ, կավարտի կարիերան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս