17:08  ,  25 հունվարի, 2021

Էրնան Կրեսպոն առաջին տիտղոսն է նվաճել մարզչական կարիերայում (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի, «Լացիոյի», «Միլանի» ու «Չելսիի» նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն առաջին տիտղոսն է նվաճել մարզչական կարիերայում:

2020 թվականի հունվարից 45-ամյա մասնագետը գլխավորում է արգենտինական «Դեֆենսիա և Խուստիսիա» ակումբը, որի հետ դարձել է Սուդամերիկանայի գավաթի հաղթող (Հարավային Ամերիկայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարն է Լիբերտադորեսի գավաթից հետո):

Եզրափակիչում Կրեսպոյի գլխավորած թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել արգենտինական «Լանուսի» նկատմամբ: Կրեսպոն հաղթանակը տոնել է դստեր հետ: Այդ հաղթանակի շնորհիվ «Դեֆենսիա և Խուստիսիան» նվաճել է Լիբերտադորեսի գավաթի ուղեգիր:

Հիշեցնենք, որ արգենտինացին մարզչական կարիերան սկսել է 2014 թվականին Իտալիայում, իսկ մեկ տարի անց ստացել է ՈւԵՖԱ-ի Pro արտոնագիր: Սկզբում նա աշխատել է իր նախկին ակումբ «Պարմայի» համակարգում, հետո գլխավորել է իտալական «Մոդենան» ու արգենտինական «Բենֆիլդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English