10:15  ,  25 հունվարի, 2021

Մեյվեզերը՝ Մաքգրեգորի մասին. Այդ անտաղանդը երբեք նույն մակարդակի վրա չի լինի ինձ հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն անդրադարձել է խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի պարտությանն ամերիկացի Դասթին Պորիեի հետ մենամարտում:

«Ամբողջ աշխարհը գիտի, որ անցորդ Մաքլուզերը գողանում է ինձանից, սակայն նրան շարունակում են սիրել, իսկ ինձ ատում են: Դա ապացուցում է, որ ռասիզմը դեռ կա: Այդ անտաղանդը երբեք նույն մակարդակի վրա չի լինի ինձ հետ: Ես պարզապես այլ մարդ եմ, իմ հոգեբանությունն այլ մակարդակի վրա է: Հմտությունների առումով ևս ոչ ոք չի կարող համեմատվել ինձ հետ: Ես հաղթող եմ բնությունից: Այո, ես ևս երբեմն աղմկահարույց բաներ եմ ասում, սակայն դա ապացուցում եմ գործով: Այդ պատճառով էլ ինձ չեն սիրում:

Քոնորը նույնիսկ լավագույնը չէ իր մարզաձևում, սակայն քննարկում է վերադարձն ու Պակյաոյի հետ մենամարտ անցկացնելը բռնցքամարտում: Ոչ ոք չի ցանկանա դիտել դա, քանի որ դրանք թերմացքներ են ինձանից հետո»,- Ինստագրամում գրել է լեգենդար բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Պորիեն իռլանդացի մարտիկին երկրորդ ռաունդում հաղթել էր նոկաուտով: 32-ամյա Մաքգրեգորը կարիերայում առաջին պարտությունը կրեց նոկաուտով:

Ֆլոյդ Մեյվեզերը բռնցքամարտի կանոններով Մաքգրեգորի հետ մենամարտել է 2017թ․ օգոստոսին: Ամերիկացին նոկաուտի էր ենթարկել Մաքգրեգորին, որն առաջին անգամ էր մենամարտում բռնցքամարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում