19:54  ,  23 հունվարի, 2021

«Ռոման» հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» առանց Հենրիխ Մխիթարյանի ընդունեց «Սպեցիային» և վերջնամասում հաղթանակ կորզեց 4:3 հաշվով: Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն A Սերիայի ընթացիկ մրցաշրջանում բաց թողնեց առաջին հանդիպումը: Ավելի վաղ նշվում էր, որ նա ունի մկանային խնդիրներ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն հայտացուցակում տեղ չէր գտել թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ կոնֆլիկտի պատճառով:

«Ռոման» 37 միավորով երրորդ տեղում է, իսկ «Սպեցիան» 18 միավորով 14-րդն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սպեցիան» «Ռոմային» դուրս էր թողել Իտալիայի գավաթի խաղարկությունից:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռոմա» - «Սպեցիա»՝ 4:3 (տեսանյութ)

Բորխա Մայորալ, 17, 52, Ռիկ Կարսդորպ, 55, Լորենցո Պելեգրինի, 90+2 – Ռոբերտո Պիկոլի, 24, Դիեգո Ֆարիաս, 59, Դանիելե Վերդի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում