18:30  ,  23 հունվարի, 2021

Արմեն Շահգելդյան. Աշխատելու տեղ ունենք (ֆոտո)

Առաջին խմբի ներկայացուցիչ «Սևանի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը մեկնաբանել է ստուգողական խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունը 1:3 հաշվով:

«Ինչ-որ տեղ տեսանք, թե ինչ է մեր ֆուտբոլիստների մոտ ստացվում, ինչ-որ տեղ էլ հասկացանք, թե ինչ շտկումներ են հարկավոր մեր խաղի որակը բարելավելու համար։ Փորձարկեցինք մի քանի ֆուտբոլիստների, ու համապատասխան եզրակացությունների եկանք։ Առջևում դեռ մի քանի ընկերական հանդիպումներ էլ ունենք անցկացնելու։ Աշխատելու տեղ ունենք, ինչ էլ արվում է ամենօրյա մարզումների ժամանակ»,- Արմեն Շահգելդյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած խաղում «Սևանից» հաշիվը 24-րդ րոպեին բացել էր Գեղամ Թումբարյանը, իսկ «Արարատ-Արմենիայից» դուբլի հեղինակ էր դարձել թիմի նորեկ, մոլդովացի կիսապաշտպան Դանու Սպատարուն, մեկ անգամ էլ աչքի էր ընկել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: Վերջերս «Սևանից» հեռացել էին 8 ֆուտբոլիստներ:

«Սևանը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով. Դիոգո Գիլերմո Բաբո Ֆիգուերո, Դավիթ Այվազյան, Արտյոմ Խաչատուրով, Արման Մանուկյան, Գեղամ Թումբարյան, Էդվինաս Կլոնիունաս, Նարել Ասլանյան, Սալոմոն Ասումո Օբամա Օնդո, Արեգ Ազատյան, Ախմեդ Ջինդոյան։

Փոխարինման են դուրս եկել. Սարգիս Դավեյանը, Հովիկ Ներսեսյանը, Արամ Սարգսյանը,Հակոբ Համբարձումյանը, Աղավարդ Պետրոսյանը և Վիգեն Համբարձումյանը։

Հաջորդ ստուգողական հանդիպումը «Սևանը» կանցկացնի հունվարի 30-ին Գյումրիի «Շիրակի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում