13:16  ,  22 հունվարի, 2021

Կլոպ. Հիմա «Լիվերպուլը» չի մտածում չեմպիոնության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Բարնլիից» կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով:

«Սա իսկական հարված էր դեմքին: Այդ ամենի պատասխանատուն ես եմ, ահա և ամենապարզ բացատրությունը: Մենք վերահսկում էինք գնդակը, ստեղծեցինք մի քանի պահեր, սակայն չիրացրեցինք դրանք: Դրա պատճառով այս խաղում ոչինչ չորոշվեց, իսկ մրցակիցը վաստակեց 11 մետրանոց:

Սա դաժան պարտություն է, որը բացատրելը հեշտ չէ: Իմ խաղացողներն այնպիսին չեն, որ 7:0 հաշվով հաղթելուց հետո թուլանային: Նրանք ջանասիրաբար աշխատում էին, բայց արդյունքի չհասան: Եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք է աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի շատ ու երկար:

Խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկին մեղադրես: Պետք է աշխատել խնդիրների հետ, ինչը մենք անում ենք: Ֆուտբոլում շատ ժամանակ չի տրվում: Այս պահին մենք չենք էլ մտածում չեմպիոնական մրցավազքի մասին»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում հաղթանակ չի տանում արդեն 5-րդ խաղում անընդմեջ (3 ոչ ոքի, 2 պարտություն) և 34 միավորով չորրորդ տեղում է: «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայում չկարողացավ գոլ խփել չորրորդ խաղում անընդմեջ: Նախորդ անգամ լիվերպուլցիներն այդպիսի անհաջող շարք ունեցել էին 2000 թվականին: Բացի այդ, «Լիվերպուլն» ընդհատեց տնային խաղերի անպարտելի շարքը, որը հասել էր 68 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում