11:54  ,  22 հունվարի, 2021

ՃՏՊ-ում զոհված ռուսաստանցի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանին կհուղարկավորեն Հայաստանում

Տյումեն - Օմսկ ավտոճանապարհի 102-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում զոհված ռուսաստանցի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանին կհուղարկավորեն Հայաստանում: Այդ մասին NEWS.am Sport-ը տեղեկացել է հայ բռնցքամարտիկի ընտանիքի անդամներից:

Ողբերգությունը տեղի էր ունեցել 16-ի երեկոյան: Արտյոմ Միքայելյանը բռնցքամարտով զբաղվել է 4 տարեկանից Տյումենի մարզի Իշիմի շրջանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում: Ռուսաստանի պատանեկան առաջնության հաղթող էր, 2015 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, սպորտի վարպետ: 2016 թվականից հոր հետ տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ պատրաստվում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերային: Փետրվարի 12-ին Արտյոմ Միքայելյանը պետք է մասնակցեր Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարին:

Բռնցքամարտիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 17:00-ին, «Էրեբունի» սգո սրահում (Հասցե՝ Խաղաղ Դոնի 2/14): Հուղարկավորությունը տեղի կունենա Նորագավիթի գերեզմանատանը հունվարի 23-ին՝ ժամը 13:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում