20:15  ,  21 հունվարի, 2021

ՈւԵՖԱ. Քննարկվում է Եվրոպայի առաջնությունն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը

ՈւԵՖԱ–ն հրաժարվել է մեկնաբանել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ–Հայնց Ռումենիգեի հայտարարությունը, թե ՈւԵՖԱ–ն քննարկում է 2021թ. ամռանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկ երկրում անցկացնելու տարբերակը։

«Մենք չունենք մեկնաբանություն Ռումենիգեի հայտարարության վերաբերյալ։ ՈւԵՖԱ–ն կարող է հաստատել, որը մրցաշարի կազմակերպիչ 12 քաղաքների հետ քննարկում է երկրպագուների հետ կապված չորս սցենար. ստադիոններում հանդիսականների 100 տոկոս ներկայություն, 50–ից 100 տոկոս, 20–30 տոկոս եւ առանց հանդիսականների։

Ամեն քաղաք կընտրի իր համար նախընտրելի տարբերակը։ Որոշումը կլինի մարտին»,– նշվում է ՈւԵՖԱ–ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English