09:44  ,  21 հունվարի, 2021

Հովհաննես Դավթյան. Ֆերդինանդ Կարապետյանը բուժվում է եւ չի մասնակցի ծաղկաձորյան հավաքին

Այս պահին ձյուդոյի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի իրական հավակնորդ միայն 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն, թիմի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանն է, բայց պայքարելու հնարավորություն տրվելու է բոլորին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը հունվարի 21-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորի մարզաբազայում: Հավաքին մասնակցելու է 16 ձյուդոիստ: Թիմը նախապատրաստվում է մրցաշրջան-2021-ին, որն, ինչպես գլխավոր մարզիչն է նշում, հագեցած է լինելու միջազգային, վարկանիշային մրցաշարերով եւ Եվրոպայի, աշխարհի առաջնություններով:

«Տարեսկզբի Ծաղկաձորի հավաքը պետք է մեկնարկեր հունվարի 15-ից, բայց բազայի հետ կապված խնդիր եղավ, հետաձգվեց մեկ շաբաթով: Հունվարի 21-ից կսկսենք երկու շաբաթ տեւողությամբ հավաք, որն ուղղված կլինի ֆիզիկական պատրաստականությանը: Հավաքին մասնակցում է 16 ձյուդոիստ: Թիմի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանն այս հավաքից բացակայում է, քանի որ բուժվում է: Ծաղկաձորից  հետո եւս մեկ հավաք կունենանք Երեւանում: Նա թիմին կմիանա երեւանյան հավաքին:

Դեկտեմբերին անցկացրինք մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որից հետո կազմակվորվեց նոր հավաքական: Թիմը համալրվեց մի քանի երիտասարդ ձյուդոիստներով: Այս հավաքն անցկացնում ենք նոր ձեւավորված կազմով, նրանց հետ կաշխատեն նաեւ երիտասարդական հավաքականի անդամներից մի քանիսը :

Թիմը համալրել են լավ ներուժ ունեցող երիտասարդներ: Հայաստանի առաջնությունում լավ մասնակցություն ունեցանք  60, 66, 73 կգ քաշային կարգերում: Թեթեւ քաշերը մեր հենակետայիններն են: Բարձր քաշերում խնդիրներ ունենք, ինչպես միշտ: Կան տղաներ, բայց դեռ այն մակարդակին չեն, որ կարողանանք միջազգային մրցաշարեր տանել:

Հավաքականի հետ շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի տղաների որակները բարձրացնենք դրսի համար: Բոլորին էլ փորձելու ենք, տալու ենք հնարավորություն՝ դրսեւորեն իրենց:

Այս պահին թիմի առաջատարը Ֆերդինանդ Կարապետյանն է: Իր քաշային կարգում նա  դեռեւս չունի իրեն հավասարը հավաքականում: Հայաստանի առաջնությունից հետո հավաք արեցինք: Նոր կազմով Ծաղկաձորի հավաքը կլինի երկրորդը:

Երեւանի հավաքից հետո  Իսրայելի մայրաղաքաղ Թել Ավիվում կմասնակցենք «Մեծ սաղավարտ» մրցաշարին»,- ասաց Հովհաննես Դավթյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով մրցաշրջան-2021-ը հագեցած է լինելու ձյուդոիստների համար: Բացի վարկանիշային մրցաշարերից, մինչեւ Օլիմպիական խաղեր անցկացվելու են նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ:

«Մրցաշրջանը հագեցած է լինելու մեզ համար: Ունենք բազմաթիվ մրցաշարեր, «Գրան պրի», «Մեծ սաղավարտի» եւ «Մասթերս» մրցաշարեր: Բոլորը հիմնականում վարկանիշային են: Պանդեմիայով պայմանավորված այս պահին չեմ կարող ասել՝ որին կմասնակցենք, որոնք բաց կթողնենք:

Նախնական ունենք Թել Ավիվի մրցաշարը, որը տեղի է ունենալու փետրվարի 18-20-ը: Մրցաշարը օլիմպիական վարկանիշային է: Մրցաշարից հետո տեղում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանենք ու կմասնակցենք Ուզբեկստանի, ապա Վրաստանի «Մեծ սաղավարտի» մրցաշարերին:

Այս տարի ունենք Եվրոպայի առաջնություն, որն անցկացվելու է Պորտուգալիայում: Նախապես մեկնարկը հայտարարված է ապրիլի 16-ին, բայց դեռ հստակ չէ, որովհետեւ համավարակով պայմանավորված, հնարավոր է՝ փոփոխություններ լինեն անցկացման ժամկետներում:

Մինչեւ Օլիմպիական խաղեր ունենք նաեւ աշխարհի առաջնություն Հունգարիայում: Հունիսին է նախատեսված, բայց կրկին ոչ հստակ: Այս տարվա ամբողջ ծրագիրը նախնական է կազմված: Ցանկացած պահի միջազգային ֆեդերացիան կարող է փոփոխել»,- նշեց Հովհաննես Դավթյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով, օլիմպիական ուղեգրի համար այս պահին պայքարում է միայն Ֆերդինանդ Կարապետյանը, բայց միավորներ վաստակելու հնարավորություն տրվելու է բոլորին:

«Այս պահին միայն Ֆերդինանդն է օլիմպիական ուղեգրի հավակնորդ: Նոր կազմում ընդգրկված ձյուդոիստներին տալու ենք հնարավորություն մասնակցել միջազգային մրցաշարերի, փորձել ուժերը սկզբում մակարդակով ցածր մրցաշարերին, ինչպես օրինակ Եվրոպայի գավաթներն են: Սկսելու ենք այդտեղից, հետո արդեն պարզ կլինի. ով իրեն արդարացրեց, կմասնակցի վարկանիշային մրցաշարերի: Եթե իրենց լավ դրսեւորեն եւ լավ հանդես գան վարկանիշային մրցաշարերին, կկարողանան ուղեգրի համար բավարար միավորներ ձեռք բերել:

«Մեծ սաղավարտների» ու «Մաստթերս» մրցաշարերն ամենաբարձր միավորներ են տալիս: Եվրոպայի գավաթը 100 միավորից է սկսում, «Գրան պրիները»՝ 700, «Մեծ սաղավարտի» մրցաշարերը՝ 1000,  «Մասթերսները» ՝ 1500: Եվրոպայի առաջնությունից բարձր են միավորները: Եվրոպայի չեմպիոնն, օրինակ, 700 միավոր է վաստակում: Այնպես որ, հնարավորություններ ունենք, մնում է տղաներն իրենց լավ դրսեւորեն եւ լավ հանդես գան մրցաշարերում: Շատ բան իրենցից է կախված:

Հավաքները, նախապատրաստական փուլն իր հունով գնում է, աստիճանաբար մոտենում ենք մրցումներին: Արդեն մրցումների ժամանակ հստակ կիմանանք՝ ով, ինչպես եւ ինչ կարող է անել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

Ֆերդինանդ Կարապետյանից մեծ սպասելիքներ ունենք: Սպասում ենք նրա լիարժեք ապաքինվելուն: Մեջքի խնդիր ունի, նախորդ տարվա Թել Ավիվի մրցաշարում կոտրած մատի հետ կապված խնդիր կա. լուրջ բարդություն է տվել,  նաեւ մեկ այլ մատի ջիլն է կտրել: Պետք է  լիարժեք ապաքինվի, բուժվի, որ նոր մտնի պայքարի մեջ: Քանի որ Ծաղկաձորի հավաքը ուժային է լինելու, ծանր, որոշեցինք՝ սա բաց թողնի, հաջորդից միանա ու սկսենք պատրաստվել մրցաշարերին»,- մանրամասնեց Հովհաննես Դավթյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Թել Ավիվում տեղի ունեղած «Գրան պրի» մրցաշարի (վարկանիշային) 73 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ֆերդինանդ Կարապետյանը  կոտրել էր ձախ ձեռքի ցուցամատը եւ բաց թողել եզրափակիչ գոտեմարտը՝ նվաճելով արծաթե մեդալ:

2018 թվականի Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի հետ զրույցում ասել էր, որ շատ մոտ է օլիմպիական ուղեգրին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով