19:14  ,  20 հունվարի, 2021

ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրո-2020-ը մեկ երկրում անցկացնելու տարբերակը

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՈւԵՖԱ-ն քննարկում է մեկ տարով հետաձգված Եվրո-2020-ն այս տարվա ամռանը մեկ երկրում անցկացնելու տարբերակը։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։

«Ես գիտեմ, որ ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շատ լուրջ է մոտենում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։ Նա դիտարկում է առաջնությունը մեկ երկրի տարածքում անցկացնելու տարբերակը՝ պահպանելով բոլոր սահմանափակումները։

Նախորդներից տարբերվող ձեւաչափով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացնելու գաղափարը ծագել էր մինչեւ համավարակը»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով