17:14  ,  18 հունվարի, 2021

«Աթլետիկի» հարձակվող. Մեսիի կողմից ագրեսիվ վարքն ակնհայտ էր

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ասյեր Վիլյալիբրեն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հեռացմանը ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին արգենտինացի հարձակվողը թիկունքից հարվածել էր Վիլյալիբրեին: Հանդիպման գլխավոր մրցավարը Մեսիին դաշտից հեռացրել էր VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո:

«Չկա վիճելի դրվագը սրելու անհրաժեշտություն: Կարծում եմ, որ Մեսիի կողմից ագրեսիվ վարքն ակնհայտ էր: Հիասթափությունը, որ ոչինչ չես կարող անել, նորմալ երևույթ է: Ամեն բան կարգին է»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանական մամուլի համաձայն՝ Մեսիին սպառնում է մինչև 12-խաղյա որակազրկում: Դա նրա կարիերայի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրած 753 խաղերում:

Հիշեցնենք, որ «Աթլետիկը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճել էր Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթեց 3։2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս