13:16  ,  18 հունվարի, 2021

Վահան Բիչախչյանը՝ տրանսֆերային արժեքի աճի ու ֆուտբոլային երազանքի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի համար 2020 թվականը ֆուտբոլային առումով լավագույններից էր կարիերայում: 21-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում, ինչպես նաև դարձել է «Ժիլինայի» առաջատարներից մեկը: Դա անդրադարձավ նաև նրա տրանսֆերային արժեքի վրա:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վահան Բիչախչյանն ամփոփել է անցած տարին և պատմել իր երազանքներից մեկի մասին:

«Այս մրցաշրջանը «Ժիլինայում» անցկացրած ժամանակահատվածում առաջինն էր, որ ինձ լիարժեք լավ էի զգում, թիմի հետ ամբողջությամբ անցա նախապատրաստական շրջանը: Քրտնաջան մարզումների, համբերատար լինելու ու հավատալու շնորհիվ ստացվեց անցկացնել լավ հանդիպումներ և օգնել ակումբին: Դրանից հետո իրականացավ երազանքս և հրավիրվեցի Հայաստանի հավաքական: Ամեն ինչ արեցի, որպեսզի ոչ միայն լինեմ հավաքականի անդամ, այլև ինչ-որ չափով օգնեմ թիմին: Որոշ չափով ստացվեց, որոշ չափով՝ ոչ: Ամեն դեպքում, աշխատելու տեղ դեռ կա: Ամեն ինչ կանեմ, որ այս տարին լինի ավելի լավը»,- նշեց գյումրեցի ֆուտբոլիստը:

Վերջերս Transfermarkt-ը թարմացրել էր Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը՝ 250 հազար եվրոյից հասցնելով 600 հազարի: Դրա շնորհիվ նա դարձել է «Ժիլինայի» 2 ամենաթանկ խաղացողներից մեկը: Կիսապաշտպանի խոսքով, նա ուշադրություն չի դարձնում այդպիսի տվյալներին:

«Իմ դեպքում տրանսֆերային արժեքի աճը չի ավելացնում վստահությունը: Ինձ համար այդպիսի բաները ոչինչ չեն նշանակում, քանի որ դրա վրա կենտրոնանալ պետք չէ»,- ասաց Բիչախչյանը:

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Վահան Բիչախչյանը մասնակցել է 15 խաղի և դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Հարցին, թե արդյոք կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն անցկացնելուն նպաստել է Հայաստանի հավաքականից ստացած հրավերն ու թիմի մարզչական շտաբի կողմից վստահությունը, կիսապաշտպանը նշեց հետևյալը.

«Ես առաջնային կարևորում եմ առողջությունը, քանի որ, երբ լիարժեք լավ ես զգում քեզ և խանգարող հանգամանքներ չկան, ավելի լավ ես կատարում ինքդ քո առջև դրած խնդիրները: Հավաքական հրավիրվելը ևս շատ օգնեց: Խաղալով հավաքականում՝ պատասխանատվությունն ավելի է մեծանում, բայց նաև շատ է օգնում որպես ֆուտբոլիստ: Վստահությունն ամենակարևոր գործոններից է ֆուտբոլում, եթե ոչ ամենակարևորը: Մինչ մարզիչը չվստահի քեզ, չես կարող խաղադաշտում ցուցադրել առավելագույն հնարավորություններդ: Այդ վստահությունը խաղադաշտում փոխանցվում է ֆուտբոլիստներին»:

Բիչախչյանը պատմեց, որ Հայաստանի հավաքականում տիրող լավ մթնոլորտն անակնկալ չէր իր համար և այդ մթնոլորտն ապահովում են նաև ֆուտբոլիստների մարդկային որակները:

«Նույնիսկ հեռուստացույցով էլ երևում էր, որ հավաքականում միշտ լավ մթնոլորտ է տիրել, քանի որ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք լավ ֆուտբոլիստ լինելուց բացի, ավելի լավն են որպես մարդ: Սակայն մի բան է պատկարացնել դա, մի բան՝ զգալ այդ ամենը: Ուրախ եմ, որ խաղում ու մարզվում եմ այդ տղաների կողքին»:

Արցախյան պատերազմի օրերին Վահան Բիչախչյանը խաղերից մեկում գոլը նվիրել էի հայ զինվորին և ցուցադրել «Աստված պահպանի հայ զինվորին» գրությամբ շապիկ: Կիսապաշտպանը պատմեց, թե ակումբում ու Սլովակիայում ի՞նչ արձագանք էր գտել նրա նախաձեռնությունը:

«Խոսակցություններ, իհարկե, եղան այստեղ: Թերթերում ու կայքերում գրել էին, որ ֆուտբոլը չի կարելի խառնել քաղաքականության հետ, սակայն ես քաղաքական ոչ մի բան չէի տեսնում այդտեղ: Պարզապես աջակցել եմ մեր հերոս զինվորներին, որոնք ամեն ինչ անում էին թե՛ մեզ՝ բոլորիս, թե՛ մեր հայրենիքի համար»,- նշեց Բիչախչյանը:

Բիչախչյանի խոսքով՝ այս պահին նա կենտրոնացած է «Ժիլիանում» ելույթների վրա և չի մտածում այլ ակումբների առաջարկների մասին: Այնուամենայնիվ, երիտասարդ ֆուտբոլիստը նշում է, որ իր երազանքներից մեկն է հանդես գալ Եվրոպայի թոփ-5 լիգաներից մեկում:

«Հիմա կենտրոնացած եմ ակումբում մարզումների վրա, պատրաստվում ենք առաջնության խաղերին: Մարզումները ծանր գրաֆիկով են, և միայն մտածում եմ «Ժիլինայում» ելույթների մասին: Կցանկանայի խաղալ Եվրոպայի թոփ-5 առաջնություններից մեկում: Դա նույնպես երազանք է ինձ համար, ինչին հասնելու համար պետք է շատ աշխատել, իսկ հետո ամեն բան ցույց կտա ժամանակը»:

Վերջում Բիչախչյանը պատմեց, թե որո՞նք են իր գլխավոր ֆուտբոլային նպատակները 2021 թվականին:

«Ցանկանում եմ, որ «Ժիլինիայի» հետ հաջող հանդես գանք առաջնությունում, փորձենք հաղթել գավաթի խաղարկությունում ու նվաճենք Եվրոպայի լիգայի ուղեգիր: Իսկ Հայաստանի հավաքականի հետ ցանկանում եմ հաջող մասնակցություն ունենալ աշխարհի առաջնության ընտրական փուլին»,- խոսքը եզրափակեց ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2017 թվականին Գյումրիի «Շիրակից» է տեղափոխվել «Ժիլինա»:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով