00:15  ,  17 հունվարի, 2021

Ալեքս Ֆերգյուսոնը Ռունիին հաջողություն է մաղթել մարզչական աշխատանքում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունիին հաջողություն է մաղթել մարզչական կարիերայում: Ավելի վաղ 35-ամյա հարձակվողն ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան և նշանակվել անգլիական «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ:

«Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, նա ունեցավ փայլուն կարիերա: Դա հրաշալի խթան է մարզչական կարիերայի մեկնարկի համար: Իհարկե, այդ աշխատանքը պահանջում է արդյունքներ, և Ուեյնը շատ լավ գիտի դա: Ռունին լավ ծանոթ է խաղին, հույս ունեմ, որ նա գլուխ կհանի: Նա մեծ քայլ է կատարում: Չի կարելի մարզիչ դառնալ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը խնդրել է քեզ: Սկզբում Ռունին խաղացող մարզիչ էր, իսկ հիմա դարձավ լիարժեք գլխավոր մարզիչ: Հաջողություն եմ մաղթում նրան»,- շոտլանդացի նախկին մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 2004-2013-ը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև անգլիական «Էվերտոնում» ու ամերիկյան «Դի Սի Յունայթեդում»։

Ռունիի նորամուտի խաղում «Դերբի Քաունթին» տնային պարտություն է կրել Անգլիայի Չեմպիոնշիփում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English