19:50  ,  11 հունվարի, 2021

Ռոնալդու․ Շարունակում ենք նույն ոգով (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Սասուոլոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։ Ռոնալդուն այս խաղում խփեց «Յուվենտուսի» երրորդ գոլն արդեն ավելացված ժամանակի վերջին րոպեին։

«Հերթական կարեւոր 3 միավորը։ Ուրախ եմ ներդրում ունենալ այս հաղթանակում։ Շարունակում ենք նույն ոգով»,- գրել է Ռոնալդուն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

35-ամյա ֆուտբոլիստը 759-րդ գոլն է խփել կարիերայում՝ կրկնելով պաշտոնական խաղերում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է չեխական ֆուտբոլի լեգենդ Յոզեֆ Բիցային: Նա 759 գոլի հեղինակ է դարձել 1931-1955 թվականներին: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն, որը 812 պաշտոնական խաղում խփել է 757 գոլ։

Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», «Յուվենտուսում» եւ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 1034 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում