19:17  ,  8 հունվարի, 2021

Կարեն Ասլանյան. Պարտությունը նոր հաղթանակի հիմքն է, ամեն ինչ լավ է լինելու

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր է: Ասլանյանը դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի առաջնությունում նվաճեց 67 կգ քաշայինների չեմպիոնի կոչումը: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս առաջատար՝ 2019 թվականի աշխարհի առաջնության եւ 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի հետ պայքարելու է օլիմպիական ուղեգրի համար:

Պատերազմից հետո ըմբիշը նոր հաղթանակների հույս ունի: Ասում է՝ ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում, ցանկացած պարտություն նոր ու մեծ հաղթանակի հիմքն է:

Կարեն Ասլանյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել ոչ սպորտային տարվա, պատերազմի հետեւանքների, Հայաստանի ապագայի եւ հետպատերազմյան ծանր հոգեբանական վիճակից դուրս գալու հնարավորության մասին:

Մրցաշրջան-2020...

Մարզական առումով տարին չստացված էր, թեեւ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեցի: Երկու մրցաշարի եմ մասնակցել ամբողջ տարվա ընթացքում՝ Եվրոպայի եւ Հայաստանի առաջնություններ: Տարեսկզբում բոլորս տրամադրված էիք մրցաշարերով հագեցած մրցաշրջանի՝ միջազգային ու վարկանիշային մրցաշարեր, պայքար օլիմպիական ուղեգրերի համար, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով այդ նպատակները հետաձգվեցին: Այսպես ասած՝ մեկ տարի անիմաստ կորցրինք: Այժմ այդ նույն տրամադրվածությամբ սպասում ենք նոր մրցաշրջանին: Հուսանք՝ 2020 թվականին բաց թողածը կլրացնենք 2021-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղեր...

Կորոնավիրուսն ամեն ինչ հետ գցեց: Ես շատ լավ պատրաստվում էի օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Հիմա ամեն ինչ պետք է սկսեմ նորից,  զրոյից: Դեռեւս այս տարվա մրցաշարային աղյուսակն էլ հայտնի չէ: Օրինակ՝ հունվարին տեղի ունեցող Նիցայի մրցաշարը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է: Այսպես՝չգիտենք՝ ինչ կլինի մյուս միջազգային եւ վարկանիշային մրցաշարերի հետ: Պետք է պատրաստվենք ամեն գնով, որովհետեւ ցանկացած պահի կարող են նոր որոշում կայացնել: Կրկին անորոշություն է, բայց պետք է պատրաստվենք: Օրինակ՝ Եվրոպայի առաջնությունում լավ մարզավիճակում էի, դա ցույց տվեց մրցագորգը, ապա դադար մինչեւ դեկտեմբեր, մինչեւ Հայաստանի առաջնություն: Այստեղ նվաճեցի Հայաստանի չեմպիոնի կոչումը, նորից լավ մարզավիճակում էի, բայց չեմ կարող ասել, թե այս մարզավիճակում ինչ արդյունք կկարողանամ անել միջազգային մրցագորգում: Այնպես որ հարաբերական է լավ մարզավիճակ ասվածը, քանի դու չես մասնակցում միջազգային մրցաշարերի: Ինքս չեմ կարող երբեք գնահատական տալ մարզավիճակիս:

Դեռ օլիմպիական ուղեգիր նվաճելու խնդիր ունենք իմ քաշային կարգում: Այս քաշում պայքարում ենք ես եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Երկու վարկանիշային մրցաշար ունենք, թերեւս երկուսս էլ կպայքարենք ուղեգրի համար յուրաքանչյուրս մեկ վարկանիշային մրցաշարում: Ակնկալում եմ արդար պայքար: Սլավիկն իմ ընկերն է, մեր միջեւ չկա որեւէ խնդիր, տարաձայնություն այս առումով:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը: Թե ով, որ մրցաշարին կմասնակցի, կլինի արդյոք որոշիչ գոտեմարտ երկուսիս միջեւ ուղեգրի համար, կորոշեն մարզիչները: Երկուսս էլ գիտակցում ենք, որ այս պայքարից չպետք է տուժի մեր ընկերությունը: Մարդկային հատկանիշները վստահ իրենց դերակատարությունը կունենան ուղեգիր նվաճելու դեպքում: Գորգի վրա 6 րոպե մրցակիցներ ենք, գորգից դուրս՝ ընկերներ: Սա սպորտ է, որը սիրում է պայքար:  Ինքս իմ կողմից հայտարարում եմ, որ ես լինեմ, թե Սլավիկը, մեզանից ուժեղն է մեկնելու Օլիմպիական խաղեր: Երկուսս էլ  պատասխանատու ենք արժանավայել ներկայացնել մեր երկիրը Տոկիոյում:

Պատերազմ...

2020-ը շատ վատ, ցավոտ ու կորուստներով լի տարի էր: Պատերազմը կգրվի մեր պատմության սեւ էջերում:  Նախորդ ու եկող սերունդները մեզ այս պատերազմը չեն ների: Մենք էլ մեզ չենք ների ու չենք մոռանա այն ամենն, ինչի միջով անցանք: Չենք մոռանա ու չենք համակերպվի այնքան ժամանակ, մինչեւ Շուշին, Հադրութը, մյուս քաղաքներն ու գյուղերը, հողերը հետ չբերենք:

Մենք՝ մարզիկներս, կրկնակի պատասխանատվության զգացում ունենք՝ Հայաստանին նոր ու մեծ հաղթանակներ պարգեւել, մեր հաղթանակներով ազգի ոգին ու տրամադրությունը բարձրացնել: Վստահ եմ, որ մեր հասանելիք առաքելությունը պատվով կանենք բոլորս՝ ոչ միայն ըմբիշներս, այլեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները: Մենք հաճախ ենք հանդիպում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներին: Նրանց հաղթելու ցանկությունն էլ ավելի է մեծացել: Պատերազմը, պարտությունը մեզ պարտադրում են այսուհետեւ այդ 6 րոպե պայքարից հետո հաղթած դուրս գալ հանուն մեր ազգի, մեր բանակի, պատերազմում զոհված հերոսների:

Շնորհակալ ու պարտական ենք նրանց, նրանց մայրերին, հարազատներին:

Հույս...

2020 թվականը ճանապարհեցի ցավով, խորը վշտով, բայց ապագայի հույսով: Մենք չհանձնվող ազգ ենք ու միշտ այդպիսին ենք եղել: Չենք հուսահատվում, քանի որ պարտությունը չի նշանակում վերջ, մարզական լեզվով ասած՝ պարտությունը նոր հաղթանակի հիմքն է: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու շուտով:

2021 թվական...

Պատրաստ եմ օլիմպիական 2021-ին: Մարտական տրամադրվածություն ունեմ: Մաքսիմալ ներդնելու եմ ուժերս օլիմպիական ուղեգիր եւ օլիմպիական մեդալ նվաճելու համար:

Տարին պատասխանատու է բոլորիս համար: Ուզում եմ, որ երբեք չկորցնենք մեր հույսը, համբերատար լինենք ու ապրենք խաղաղ երկնքի տակ: Մեր երկիրը դեռ կծաղկի, կուժեղանա: Առհասարակ պատերազմ ապրած, պարտված երկիրը հետո ավելի է ուժեղանում, հզորանում: Մեզ համար էլ է այդպես լինելու, ամեն ինչ լավ է լինելու: Լավատեսությամբ պետք է լցվենք, միասնական լինենք եւ մեր ուժերով մեր երկիրը հանենք այս վիճակից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով