15:30  ,  23 դեկտեմբերի, 2020

Մխիթարյան. Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: 

«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:

Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը»,- ասվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը 73 տարեկանում մահացել է սրտի խնդիրների պատճառով:

2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, անյուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր։

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000): «Արարատի» կազմում նա անցկացրել է 242 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ: Արկադի Անդրեասյանը 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է:

Վերջերս Արկադի Անդրեասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում վերհիշել էր «Արարատի» փառահեղ հաղթանակներից մեկը, որից անցել է 47 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով