09:39  ,  23 դեկտեմբերի, 2020

Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը, դեկտեմբերի 22-ի գիշերը հեռացել է կյանքից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամները:

Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացել է սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր:

2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, անյուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր։

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000): «Արարատի» կազմում նա անցկացրել է 242 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ: Արկադի Անդրեասյանը 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է:

Վերջերս Արկադի Անդրեասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում վերհիշել էր «Արարատի» փառահեղ հաղթանակներից մեկը, որից անցել է 47 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում