09:11  ,  22 դեկտեմբերի, 2020

Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել Խոակին Կապառոսի հետ աշխատանքում

Ռուսական «Տամբովի» խաղացող Ալեքսանդր Կարապետյանը վերջին տարիներին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հարձակվողն է և նրա՝ մեկնարկային կազմում հայտնվելը գրեթե կասկածի տեղիք չի տալիս:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստն ամփոփել է ավարտին մոտեցող տարին ու խոսել տարբեր թեմաներից:

«Ֆուտբոլային առումով ծանր տարի ստացվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ինձ համար ևս բարդ տարի էր, քանի որ «Տամբովին» միանալուց հետո նախապատրաստական փուլ գրեթե չունեցա և մեկ շաբաթ անց արդեն հանդիպում ունեինք «Ռոստովի» հետ: Նույնիսկ չկարողացա հանգստանալ նոր մրցաշրջանից առաջ: Կարծում եմ՝ բարդ տարի էր բոլոր ֆուտբոլիստների համար»,- նշեց ֆուտբոլիստը:

Ազգերի լիգայի C դիվիզիոնում հաջողությունը Ալեքսանդր Կարապետյանը կապում է մի քանի գործոնների հետ:

«Առաջին տեղ գրավելն, անձամբ ինձ համար, կյանքիս ամենամեծ նվաճումներից մեկն էր: Շատ էի ուրախացել, որ այդպիսի ծանր ժամանակահատվածում կարողացանք հասնել հաջողությանը: Հայաստանի հավաքականի հաջողությանը նպաստեց նաև Ռուսաստանում լեգեոնականների լիմիտի օրենքի փոփոխությունը, քանի որ այնտեղ հանդես եկող մի քանի կարևոր խաղացողներ կարողացան միանալ թիմին: Բայրամյանը, Կորյանն ու Յուրչենկոն ուժեղացրին մեր թիմը: Վնասվածքի պատճառով Խորենը բաց թողեց մի քանի հանդիպում, սակայն նա շատ կարևոր էր կոլեկտիվի համար: Հայաստանի հավաքականն ավելի լավն է դարձել որպես կոլեկտիվ, ինչը ևս շատ կարևոր է: Մենք շատ համախմբված թիմ ենք խաղադաշտում, այլ ոչ թե անհատական խաղացողներ:

Այս հաջողությունում շատ կարևոր էր նաև մարզիչի գործոնը: Նա չէր վախենում՝ անկախ մրցակցից, մենք միշտ խաղում էինք բարձր պրեսինգով ու հարձակողական ֆուտբոլ: Նա երբեք չէր մտածում 0:0 հաշվի մասին, այլ միշտ ձգտում էր, որ մենք առաջինը գոլ խփենք: Կապառոսի ներկայությունը և նրա փորձը նաև վստահություն էր տալիս մեզ: Նրա օգնականները ևս արդյունավետ աշխատանք կատարեցին:

Պատերազմի օրերին մենք խաղադաշտում արեցինք հնարավոր ամեն բան: Հոգեբանական առումով բոլորիս մոտ ծանր վիճակ էր, սակայն դա նաև ուժ տվեց մեզ: Հասկանում էինք, որ բոլորը դիտում են այդ խաղը, և ցանկանում էինք ուրախության փոքր առիթ տալ մեր ազգին»,- նշեց  Ալեքսանդր Կարապետյանը:

Կարապետյանը պատմեց, թե ինչն է իրեն ամենաշատը տպավորել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատանքում:

«Ինձ զարմացրեց մարզիչի հանգստությունը: Ի՞նչ հաշիվ էր, ո՞ր ֆուտբոլիստները չէին միացել հավաքական. մարզչական շտաբն այնպիսի հանգստությամբ էր վերաբերվում այդ ամենին, կարծես ամեն բան կարգին է, և ոչ մի անհանգստություն չկա: Հիշում եմ, երբ Հենրիխ Մխիթարյանը չէր միացել հավաքականին, շատերի մոտ կար անհանգստություն, իսկ մարզիչների համար միևնույն էր, թե ով է խաղադաշտում: Դա շատ մեծ վստահություն էր տալիս մեզ: Այդ ամենը շատ զարմացրեց ինձ: Ինքս՝ որպես խաղացող, շատ էի մտածում, երբ թիմի առաջատարները բացակայում էին, իսկ մարզչական շտաբը պահպանում էր հանգստությունը: Եթե ես նույնպես դառնամ մարզիչ, ապա կփորձեմ լինել այդպիսին և չցուցադրել էմոցիաներս: Սակայն, դա չի նշանակում, որ նա էմոցիոնալ մարզիչ չէ: Կապառոսը երբեմն բղավում է մարզումներին, որպեսզի բոլորն «արթնանան»: Այնուամենայնիվ, բացասական հույզեր նա չի փոխանցել մեզ»,- նշեց հարձակվողը:

Չնայած Հայաստանի հավաքականի կենտրոնական հարձակվողի դիրքում մրցակցության պակասին՝ Կարապետյանը մոտիվացիայի պակաս չունի, քանի որ ազգային թիմում խաղալն ավտոմատ կերպով ապահովում է դա:

«Հավաքականում խաղալու համար մոտիվացիայի պակաս երբևէ չի լինում: Երբ դու խաղում ես քո հայրենիքի համար, դա միշտ յուրահատուկ ինչ-որ բան է: Կարծում եմ՝ դու բոլորից լավ գիտես, թե ինչ ճանապարհ եմ անցել ես: Սկզբում հրավիրվեցի հավաքական, հետո երկար ժամանակ ինձ չէին հրավիրում, թեև ես շատ էի ցանկանում դա: Երբեք չէի կորցնում հավատը, որ դարձյալ խաղալու եմ Հայաստանի հավաքականում: Եղել է, որ շատ ցավեր եմ ունեցել և մտածել եմ, որ չեմ կարողանա խաղալ, սակայն երբ գալիս էր խաղի օրը, այդ ամենը մոռանում էի: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մեկնարկային խաղից հետո ծնկի հատվածում ցավեր ունեի և հանդիպումից մեկ օր առաջ կաղում էի: Սակայն մարզիչն ինձ հարցրեց, թե արդյոք վստահ եմ, որ կարող եմ խաղալ և ես տվեցի դրական պատասխան: Խաղի օրը ցավերը կարծես անհետացան: Ես կարողացա դուրս գալ խաղադաշտ, խփել գոլ ու կատարել գոլային փոխանցում: Հավաքականում խաղալը մեծ պատիվ  է, և այդտեղ մոտիվացիայի պակաս չի կարող լինել»,- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին՝ Ալեքսանդր Կարապետյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է վստահել մարզիչին ու աշխատել նույն նվիրվածությամբ:

«Կարծում եմ՝ դա նույնպես հաջողություն է, որ հայտնվեցինք այդպիսի խմբում, որտեղ միայն Գերմանիան է, որին հաղթելը չափազանց բարդ է: Մյուս բոլոր թիմերին կարող ենք հաղթել: Եթե շարունակենք խաղալ նույնքան լավ, կունենանք լավ հնարավորություններ խմբում գրավել երկրորդ տեղը: Հույս ունեմ, որ վնասվածքները չեն խանգարի մեզ: Եթե կարողանանք հաղթել մեկնարկային 3 խաղերում, որոնից երկուսն անցկացնելու ենք տանը, կպահպանենք լավ շանսեր:

Վերջին տարիներին մի շարք նոր ֆուտբոլիստներ են միանցել թիմին: Կարծում եմ, որ մարզիչը պետք է ընտրի մոտ 18 հիմնական ֆուտբոլիստների, որոնց շուրջ կառուցի թիմը: Վերջին տարիներին հաճախ են մարզիչներ փոխվում: Կարծում եմ, որ մարզիչին պետք է ժամանակ տալ, որպեսզի դարձյալ ժամանակ չկորցնենք հարմարվելու հարցում և նա կարողանա թիմին փոխանցել իր ֆուտբոլային մտահղացումները: Պետք է շարունակենք աշխատել նույն կերպ ու ամեն բան կստացվի: Մենք ունենք լավ խաղացողներ, որոնց շուրջ կարելի է լավ թիմ կառուցել»,- ասաց ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանից առաջ Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիից» տեղափոխվեց «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահն այս տարի ուներ մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական: Կարապետյանի խոսքով, ակումբի խնդիրները ևս անդրադառնում են խաղացողների ցուցադրած խաղի վրա:

«Կարծում եմ՝ վատ չսկսեցի «Տամբովում»՝ խփելով 3 գոլ: Չեմ կարող ասել, որ ամեն ինչի մեղավորն ակումբի խնդիրներն են, սակայն դրանք նույնպես անդրադառնում են խաղացողների ու թիմի ցուցադրած խաղի վրա: Խնդիրները շատ էին՝ աշխատավարձի ուշացում, տնային ստադիոնի բացակայություն և այլն: Չնայած դրան՝ մենք վատ ֆուտբոլ չէինք խաղում, թեև մեկնարկային կազմը հաճախ էր փոխվում և կար խաղակցվածության խնդիր: «Տամբովում» հանդիպեցի շատ խնդիրների, որոնց նախկինում չէի բախվել ֆուտբոլում»,- նշեց ֆուտբոլիստը:

Ալեքսանդր Կարապետյանը նաև պատմեց, թե որտեղ է անցկացնում ձմեռային արձակուրդը. «Այս օրերին ես հանգստանում եմ Սոչիում: Ծրագրում եմ ընտանիքիս հետ հանգստի մեկնել Դուբայ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով չես կարող ասել, թե ինչ կլինի վաղը: Ցանկանում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ վաղուց չէի տեսել նրանց և շատ եմ կարոտել:

2021 թվականին գլխավոր ֆուտբոլային նպատակներս են ևս մեկ սանսացիոն հաղթանակի հասնել հավաքականի հետ և գրել ևս մեկ պատմություն: Նաև կփորձեմ առավելագույնն անել ակումբում և արդարացնել բոլորի վստահությունը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է խուսափել վնասվածքներից և պահպանել լավ մարզավիճակը: Կարծում եմ՝ դա ցանկացած ֆուտբոլիստի ամենաբարդ խնդիրն է»,- խոսքը եզրափակեց Հայաստանի հավաքականի հարձակվողը:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ, «Տամբովի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով