22:44  ,  19 դեկտեմբերի, 2020

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

Մոսկվայում դեկտեմբերի 18-19-ը տեղի է ունեցել սամբոյի Ա․ Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել է 130 մարզիկ՝ 14 երկրից։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Կիրակոսյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին։

Մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Սամվել Բադալյանը։ Մարզական սամբոյի մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը։

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի...

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Saturday, December 19, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում