10:08  ,  19 դեկտեմբերի, 2020

Հաբեթնակ Կուրղինյան․ Վազգեն Թեւանյանի հաղթանակը սպասված էր

Վազգեն Թեւանյանի հաղթանակը սպասված էր: Մեդալակիրներից եւ մեդալ չնվաճած ըմբիշների մասնակցությունից գոհ եմ, բայց դեռ շատ աշխատանք ունենք միասին կատարելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը: 8 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

Ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, արծաթե մեդալակիր դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր  70 կգ քաշային Արման Անդրեասյան:

 Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է աշխարհի գավաթի խաղարկությունը: Գլխավոր մարզիչը գոհ է թիմի մասնակցությունից, մասնավորապես մեդալակիրներից:

«Ուրախ ենք, որ ոսկե մեդալակիր ունեցանք, բոլոր գույների մեդալներից նվաճեցինք: Հոգնած ենք բավական: Հատկապես Վազգեն Թեւանյանի եզրափակիչ գոտեմարտից հետո արդեն հանգիստ ենք: Գոհ եմ թիմի մասնակցությունից, բոլորից՝ մեդալակիրներից, մյուս մասնակիցներից էլ,  որոնք մեդալ չնվաճեցին:

Վազգեն Թեւանյանի հաղթանակը սպասված էր: Սպասում էի, որ հաղթելու է նաեւ եզրափակիչում: Հենց սկզբից՝ որակավորման փուլից, իր բոլոր մրցակիցներին խոշոր հաշիվներով է հաղթել, զրոյով է գոտեմարտել, նվազագույն միավորներ է տվել: Որեւէ գործողությամբ չի պարտվել:

Եզրափակիչում ուշադիր, համբերատար հետեւում էր մրցակցի գործողություններին, լսում էր իմ հրահանգները եւ ինքն էլ հավատում էր իր ուժերին: Հաղթեց վերջին 40 վայրկյանում: Այն, որ մնացել էր 40 վայրկյան, դա իրեն չէր ընկճել եւ խուճապի չէր մատնել, այլ նույն համբերատարությամբ սպասեց եւ գնաց հնարքի, միավորներ վաստակեց եւ հաղթանակի հասավ: Վազգենը մարզիկին յուրահատուկ համբերատարություն ունի եւ կյանքում էլ է այդպես:

Վազգեն Թեւանյանի պարգեւատրման արարողության ժամանակ ադրբեջանցի ըմբիշը չներկայացավ: Ասում են՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ոտքի վնասվածք էր ստացել եւ չէր կարողանում կանգնել: Նրա փոխարեն մեդալը ստացավ թիմի բժիշկը: Ադրբեջանցիների հետ այստեղ որեւէ արտառոց միջադեպ չեղավ, բոլորն էլ ադեկվատ էին իրենց պահում, շատ զգույշ էին, սադրանքներ չեղան:

Արսեն Հարությունյանի հետ աշխատանք կա անելու: Մինչեւ եզրափակիչ հրաշալի հանդես եկավ, բայց ոսկե մեդալի համար պայքարում շատ ուժեղ մրցակցի հանդիպեց: Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուեը աշխարհի կրկնակի չեմպիոն է, փորձառու, հիմա ամենաուժեղ մարզիկներից է:

Արման Անդերասյանը կարող էր եզրափակիչ դուրս գալ: Արման Ավագյանը շատ լավ մասնակցեց: Նորմալ են այս արդյունքները:

Մեր թիմը երիտասարդ է, բոլորի հետ էլ դեռ շատ աշխատանք ունենք անելու: Միանգամից մեծ հաղթանակներ չենք կարող ունենալ, փոքր-փոքր քայլերով ենք կերտում մեծ հաղթանակները: Աշխարհի գավաթում գրանցած արդյունքները երկարատեւ, համատեղ թիմային աշխատանքի արդյունքն է»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում 61 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 21-ամյա Վազգեն Թեւանյանը 4 տպավորիչ հաղթանակ (6:0,11:0, 10:0 7:2)  տանելուց հետո ոսկե մեդալի համար պայքարում մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ հաղթեց 9:1 հաշվով: 

Աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը 57կգ քաշայինների պայքարում երեք տպավորիչ հաղթանակ (7:0, 5:4, 7:4)  տանելուց հետո եզրափակիչում պարտվեց կրկնակի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուեւին:

Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը երկու սփոփիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ (10:0, 7:0) տանելուց հետո բրոնզե մեդալը նվաճեց առանց պայքարի, քանի որ մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել էր գոտեմարտից:

Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք հաջողության չհասան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս